Կիպրոսի վերամիավորման հարցում նկատվում է դրական միտում

European Foreign ministers attend the Cyprus reunification talks at the United Nations in Geneva, Switzerland, Jan. 12, 2017.

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն ասել է լրագրողներին, որ Կիպրոսի հարցով բանակցությունները մոտենում են դրական ավարտին, ընդհանուր գոտի և երկու համայնքների մասնակցությամբ դաշնային ինստիտուտների ձևավորման հարցերում: Սակայն նա նաև ընդգծել է, որ վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է երկար ժամանակ:

«Չենք կարող սպասել հրաշքի ու խնդրի անմիջական կարգովորմանը: Մենք չենք փնտրում արագ լուծումներ: Մեզ անհրաժեշտ է Կիպրոսի խնդրի կայուն և ամուր կարգավորում ի շահ Կիպրոսի հանրապետության և նրա համայնքների»:

Կիպրոսը բաժանվել է 1974 թվականին այն բանից հետո, երբ Թուրքիան ներխուժեց կղզի այստեղ տեղի ունեցած հեղաշրջման պատճառով, որի նպատակն էր կղզու միավորումը Հունաստանի հետ: Դրանից հետո կղզին բաժանվեց թուրքական` հյուսիսային և հունական` հարավային մասերի: Բազմաթիվ մարդիկ տեղահան եղան այդ ժամանակ՝ առաջ բերելով սեփականության հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Հույն կիպրոսցիները նաև պահանջում են Անկարայից դուրս բերել զորքերը կղզուց: Բանակցողները հույս ունեն վերացնել երկու կողմերի միջև տարաձայնությունները, որի շնորհիվ խաղաղ կարգավորման բանակցությունները կարող են վերսկսվել շուտով:

«Ինչպես ցույց են տալիս քննարկումները, շուտով կհաստատվի համաձայնագիր, որի արդյունքում կստեղծվի միասնական փորձագետների խումբ, որը կձևավորի հարցերի շարք` հունվարի 23-ին արտգործնախարարների հանդիպման համար»,- հայտարարել է Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը:

Հույն և թուրք բանագնացները փոխանակել են քարտեզներ, ուր պատկերված են յուրաքանչյուր կողմի մոտեցումները ներքին սահմանների վերաբերյալ: ՄԱԿ-ի բանագնացը Կիպրոսի հարցում ասում է, որ սա լավ նախանշան է:

«Նախկինում երբեք մենք չենք ունեցել կիպրոսցի պատվիրակությունների կողմից ներկայացված քարտեզների փոխանակման նախադեպ»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնում, որ 43-ամյա հակամարտության կարգավորումը կարող է լավ ազդանշան ուղարկել աշխարհին:

«Այսօր մենք կանգնած ենք բազմաթիվ խնդիրների առջև: Մեզ անհրաժեշտ է հույսի մի խորհրդանիշ, և ես հավատացած եմ, որ 2017 թվականի սկզբին Կիպրոսը կարող է դառնալ նման մի խորհրդանիշ աշխարհի համար»:

Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Հունաստանը հանդիսանում են Կիպրոսի երաշխավոր երկրներ և մասնակցում են Ժնևում ընթացող բանակցություններին: Մեծ Բրիտանիան առ այսօր ունի երկու ռազմածովային բազա այստեղ: Խաղաղ կարգավորման արդյունքում այն կարող է հրաժարվել դրանցից: