​Թրամփի քաղաքական նախկին հակառակորդը կարող է ստանձնել էներգետիկայի նախարարի պաշտոնը

Former Texas Gov. Rick Perry smiles as he leaves Trump Tower, Dec. 12, 2016, in New York.

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի օգնականները տեղեկացնում են , որ վերջինս որոշել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարի պաշտոնն առաջարկել Թեքսասի նախկին նահանգապետ և իր նախկին քաղաքական հակառակորդ Ռիք Փերիին:

Ռիք Փերին 14 տարի ծառայել է որպես Թեքսասի նահանգապետ: Նա մասնակցել է հանրապետական կուսակցության նախագահական նախնական ընտրություններին 2012 և 2016 թվականներին:

2011 թվականի նախագահական նախնական ընտրություններին մասնակցելու ժամանակ Փերին առաջարկել էր վերացնել երեք դաշնային նախարարություններ, սակայն մոռացել էր երրորդի անունը, որը բացասաբար անդրադարձավ նրա վարկանիշի վրա: Հետագայում նա ասել էր, որ երրորդ նախարարությունը, որը պետք է վերացվի, ​ ​էներգետիկայի նախարարությունն է:

Փերին, որպես էներգետիկայի նախարար և պահպանողական, կարող է այդ պաշտոնում վերանայել նախագահ Օբամայի քաղաքականությունը դեպի վերականգնվող էներգիա, և կենտրոնանալ նավթային և արդյունահանվող վառելիքի ծրագրերի վրա, որոնց հետ նա առնչվել է Թեքսասի նահանգապետ եղած տարիներին:

Փերին նաև թերահավատորեն է մոտենում կլիմայական փոփոխության խնդիրներին, սակայն նահանգապետի պաշտոնում զարկ է տվել Թեքսասում քամուց ստացվող էներգիայի զարգացմանը:

Այս վերջին նախագահական ընտրությունների նախնական փուլում նա Թրամփին անվանել էր «պահպանողականության քաղցկեղ»: