Ջեյմս Մաթիսը՝ Պենտագոնի ղեկավարի լավագույն թեկնածու

Ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտպանության նախարար առաջադրված «Խելահեղ» Ջեյմս Մաթիսը Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության կազմում պատասխանատու էր Մերձավոր Արեւելքում ռազմական գործողությունների համար: Աֆղանստանում ծառայության ընթացքում ցուցաբերած համառության շնորհիվ Մաթիսն արժանացել է «խելահեղ» մականունին եւ զինակիցների հարգանքին, ասում են իրենք՝ գեներալները:

«Նա զինվորների զինվորն է եւ ծովայինների ծովայինը: Առաջին անգամ ես նրան Աֆղանստանում եմ հանդիպել, որտեղ մենք 2006-ին ծանր պատերազմ էինք վարում, եւ նա իրոք ոգեշնչող առաջնորդ է: Ինքս եմ ոգեշնչվել նրանով», - ասում է Աֆղանստանում միջազգային զորքերի հրամանատար գեներալ Ջոն Նիքլսոնը:

Վերլուծաբանների կարծիքով, Մաթիսը ոչ միայն գեներալ է, այլեւ՝ գիտնական:

«Նա համարվում է մեր ժամանակների ամենակարդացած, ամենատեղեկացված եւ ամենափորձառու գեներալներից մեկը», - Բրուքինգս հաստատության վերլուծաբան Մայքլ Օհանլոնի կարծիքով, Մաթիսն իր փորձառության ու գիտելիքի շնորհիվ բոլորից լավ է գիտակցում ռազմական ուժի կարողություններն ու սահմանափակումները.

«Իրականում, շատ դրական է, որ Մաթիսի նման վստահելի եւ փորձառու մարդ խորհուրդներ է տալու Դոնալդ Թրամփին, քանի որ Թրամփը կլսի այդ մարդու փաստարկները, որոշ դեպքերում ուժի կիրառումից զերծ մնալու վերաբերյալ»:

Պենտագոնի ղեկավարի պաշտոնին Մաթիսի հաստատման համար սակայն Կոնգրեսը պետք է հատուկ բացառության մասին օրենք ընդունի, քանի որ Մաթիսը ծառայությունից հեռացել է 2013-ին, մինչդեռ Միացյալ Նահանգներում պաշտպանության նախարարի պաշտոնը կարող են զբաղեցնել վերջին 7 տարիների ընթացքում քաղաքացիական ծառայության մեջ գտնվող անձինք: 1950 թվականին նման օրենք մեկ անգամ արդեն ընդունվել էր՝ թույլ տալով Երկրորդ աշխարհամարդի գեներալ, Ջորջ Մարշալին, ում անվան հետ է կապված Գերմանիայի վերականգնման ծրագիրը, զբաղեցնել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնը: