Հայ-ամերիկյան հարաբերություններ՝ դարավոր բարեկամության պատմություն

President Obama and President Sargsyan, April 12, 2010

Հայաստանի եւ Միացյալ Նահանգների նորագույն դիվանագիտական հարաբերությունները քարորդ դարի պատմություն ունեն, մինչդեռ հայերի եւ ամերիկացիների բարեկամությունը ձգվում է դարերի միջով: Դեռեւս 1653 թվականին Վիրջինիայի գաղութի հրավերով այնտեղ է ժամանում երկու հայ, որոնք եւ օգնում են այնտեղ մետաքս արտադրել: Հայերն այնքան մեծ հաջողություններ էին արձանագրել, որ մեկ տարի անց, 1654-ին նրանց մասին հիշատակում ենք գտնում Ջոն Ֆերարի բանաստեղծության մեջ:

Ավելի ուշ, նախորդ դարի սկզբում Օսմանյան կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաու կրտսերը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գնահատմամբ դարձավ «առաջին ամերիկացին, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի դեմ ուղղված հանցագործության մասին»: 1919 թվականին ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Ուիլսոնը սեփական ձեռքով գծագրել եւ ստորագրել էր հայ-թուրքական սահմանը:

Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգներն առաջին պետություններից էր, որը ճանաչեց եւ օգնության ձեռք մեկնեց նորանկախ Հայաստանին:

Այսօր հայ-ամերիկյան հարաբերությունները շարունակում են ամրապնդվել ու զարգանալ: Հայաստանի արտգործնախարարության համաձայն, Միացյալ Նահանգները հանդիսանում է Հայաստանին մարդասիրական եւ տեխնիկական օգնություն տրամադրող խոշորագույն դոնորը:

Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը ծառայում է զարգացման տարբեր ծրագրերի իրականացմանը՝ կրթության, բժշկության, հումանիտար, ինչպես նաեւ մարդկանց իրավունքների իրազեկման ոլորտներում։ Ամերիկյան օգնությունը նկատում եւ գնահատում է նաեւ Հայաստանի ղեկավարությունը:

«Շնորհակալական խոսք եմ ուղղում ամերիկյան ժողովրդին, ԱՄՆ-ի Կոնգրեսին, այս տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղին հատկացված մարդասիրական աջակցության համար: Այդ օգնությունը Արցախի բնակիչների համար ոչ միայն մարդասիրական, այլ առաջին հերթին բարոյական նշանակություն ունի», - ԱՄՆ-ում իր ելույթում նշել էր Հայաստան նախագահ Սերժ Սարգսյանը:

Միացյալ Նահանգները շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ աջակցելով երկու երկրների բարգավաճմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, օրենքի գերիշխանությանն ու տարածաշրջանային խաղաղությանը, նշել է Ջոն Քերրին:

Միացյալ Նահանգների իշխանություններն ու ԱՄՆ-ի հայ համայնքը շարունակում են աջակցել ոչ միայն Հայաստանի հասարակական եւ քաղաքական, այլեւ՝ տնտեսական զարգացմանը: Հոկտեմբերի 10-ին Նյու Յորքում անցնելու է Հայաստանին նվիրված տնտեսական համաժողով, որի ընթացքում Հայաստանի նախագահի եւ աշխարհի խոշորագույն ընկերությունների եւ ֆինանսական կառույցների մասնակցությամբ քննարկվելու են հայկական տնտեսության մեջ ներդրումներ կատարելու հեռանկարները: