ԱՄՆ-ի նախագահի ընտրություններից երկու ամիս առաջ Քլինթոնի ընտրարշավը կրկին պաշտպանողական դիրք է գրավել: Թեև ըստ հուլիսին ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի եզրակացության՝ Քլինթոնը անօրինական ոչինչ չէր արել, այնուամենայնիվ որոշ բացահայտումներ երկմտանքի տեղիք են տալիս:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմին իր զեկույցում ասել է,- «Փաստեր կան, որ նրանք չափազանց անփութորեն են վարվել՝ խիստ գաղտնի տեղեկության հետ գործ ունենալիս»:
Քլինթոնն ավելի քան քսան անգամ ասել է, թե չի հիշում էլեկտրոնային նամակագրության մանրամասները: Նա ասել է, թե ինքը սխալվել է, և այլևս այդպես չի վարվի:
Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացրած տվյալների համաձայն, Քլինթոնը անտեղյակ է եղել, որ իր ստացած որոշ էլեկտրոնային նամակներ խիստ գաղտնի են եղել, քանի որ նա չի իմացել, որ դրանցում առկա “C” տառը դա է ազդարարել:
Թրամփի ընտրարշավի կազմակերպիչ Քելլիեն Քոնվեյի խոսքերով սակայն, ԱՄՆ-ի նախկին սենատոր, նախկին առաջին տիկին և այդ ժամանակ՝ պետքարտուղարը պետք է իմանար, թե ինչ է նշանակում այդ ‘C’ տառը: Նրա խոսքերով, Հիլլարի Քլինթոնին դժվար է ընկալել որպես ճշտախոս թեկնածու:
Փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Թիմ Քեյնը համաձայնում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի եզրակացության հետ, ասելով, որ ներկայացված տեղեկությունը ապացուցում է, թե ինչու հավելյալ հետաքննության կարիք չի եղել: Փոխնախագահի թեկնածուն նաև ակնարկել է, թե Քլինթոնի մրցակից Դոնալդ Թրամփն է թաքցնում ճշմարտությունը:
Նա ասել է,- «Թեև Դոնալդ Թրամփը հանրությանը խոստացել էր հրապարակել իր հարկային փաստաթղթերը, նա այդպես էլ դա չի արել»:
Մինչ թեկնածուները զբաղված են միմյանց մեղադրելով, հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծ մասը թե՛ Քլինթոնի և թե՛ Թրամփի հանդեպ անբարյացակամ են տրամադրված:
Your browser doesn’t support HTML5