Մայամիի հարակից տարածքներից մեկը ՝ միջատների միջոցով զիկա վիրուսի տարածման վայր

Այն բանից հետո երբ Մայամիի հարակից տարածքներից մեկում հայտնաբերվել են զիկա վիրուսը տարածող միջատներ՝ Ֆլորիդայի իշխանությունները դիմել են դաշնային կառավարության օգնությանը վիրուսի տարածումը կանխելու հարցում:

Երկուշաբթի օրը՝ Ֆլորիդայի նահանգապետ Ռիք Սքոթթը տեղեկացրել է, որ նահանգում զիկա վիրուսի բոլոր դեպքերը, բացի երկուսից գրանցվել են Մայամիին հարակից Ուայնվուդի տարածքում: Տեղի իշխանությունները փորձում են վիրուսի տարածումը վերահսկել և բնակիչներին տեղեկացված պահել սակայն նրանք դաշնային կառավարության օգնության կարիքն ունեն:

«Հիվանդությունների վերահսկման կենտրոնին խնդրել ենք, որպեսզի մեզ խումբ հատկացվի, որը կօգնի անհրաժեշտ տեղեկությունը հավաքելու և միջատների թիվը վերահսկելու գործում, ինչպես նաև լաբորատորիաների աշխատանքներում»,- ասել է Ռիք Սքոթթը:

Հիվանդությունների վերահսկման կենտրոնը, այն կանանց ովքեր վերջին ժամանակներս այցելել են Ուայնվուդի տարածք, խորհուրդ է տալիս ամենաքիչը 8 շաբաթ խուսափել հղիանալուց: Հղի կանանց խորհուրդ է տրվում խուսափել Ուայնվուդ այցելելուց, սակայն տարածքի բնակիչների դեպքում դեռևս հստակ ցուցումներ չկան:

«Ամեն օր տանից դուրս գալիս վարանում եմ, թե արդյո՞ք միջատներից պաշտպանվելու միջոցը ինձ կօգնի»,- ասում է Ուայնվուդի հղի բնակիչ Ռաիսա Մենդոզան:

Պետական մարմինները տեղի հղի բնակիչներին խրախուսում են հաճախակի հետազոտությունների հաճախել:

Ֆլորիդայի սենատոր Մարքո Ռուբիոն զգուշացրել է, որ վիրուսի վտանգը կարող է մեծ հարված հասցնել նահանգի տնտեսությանը:

«Զիկա վիրուսը Ֆլորիդայի համար միայն հասարակական առողջության խնդիր չէ, դա նաև տնտեսական խնդիր է: Զբոսաշրջությունը մեր առաջատար արդյունաբերություններից մեկն է և վիրուսը կարող է խոչնդոտել նահանգ այցելող մարդկանց»,- հայտարարել է սենատորը:

Պետական մարմինների խոսքերով խուճապի կարիք չկա, քանզի իրենք ձեռնարկում են բոլոր միջոցառումները զիկա վիրուսի տարածումը կանխելու համար: