
ՆԱՏՕ-ի ռազմանավերն ու թուրքիայի սահմանապահ նավերը հսկում են հունական Լեսբոս կղզու հատվածում գտնվող նեղուցները: Նոր գործարքի արդյունքում Եվրոպան և Թուրքիան փորձում են խոչընդոտել փախստականների մուտքը:
Սակայն կամավորները շարունակում են հերթապահել Լեսբոսի ափերին, եկող փախստականների նավակներին օգնություն ցուցաբերելու համար:
Ինչպես Շվեյցարիայի «Կարմիր խաչ» կազմակերպության աշխատակիցներից Սեմուել Ռադներն է ասում,- «Չեմ կարծում, որ քաղաքական որոշումները մեծ փոփոխություն են հանդիսանում փախստականների համար, նրանք միևնույնն է գալու են: Նրանք փորձում են այստեղ հասնել արդեն ամիսներ և տարիներ շարունակ, և այսքանից հետո իրենց մտքից հետ չեն կանգնի»:
Ինչպես առաջին օգնության մյուս աշխատակիցները, Սեմուել Ռադները նույնպես չի ընդունում Բրյուսելի և Անկարայի միջև կնքված պայմանագիրը:
Նրա խոսքերով,- «Մարդկանց չի կարելի վերաբերվել ինչպես կենդանիների, կամ փողի: Նրանք պարզապես թվեր չեն, նրանք մարդկային արարածներ են: Չի կարելի ասել, մենք մեկին հետ կուղարկենք, իսկ մյուսին՝ Եվրոպայում կպահենք»:

Փախստականները թաքնվում են Թուրքիայի ծովափերի ժայռերի և խորշերի հետևում: Թուրքիայի ոստիկանության հաղորդած տվյալներով, շաբաթ օրը իրենք ձերբակալել են 1700 փախստականների և փախստականներ տեղափոխող 16 անձանց:
Լեսբոսի կղզի հասած փախստականներից շատերը Թուրիքիայի սահմանապահներին մեղադրում են իրենց նավակների վրա հարձակվելու մեջ, ինչը Անկարան ժխտում է: Մի մարդ էլ ասում է, թե թուրք ոստիկանները իրեն ծեծի են ենթարկել:
Հունաստանը շարունակում է փախստականներին կղզուց դեպի երկրի խորքը տեղափոխել:
Սակայն լուրեր են պտտվում այն մասին, թե կախված փախստականների ազգությունից, նրանց անհապաղ կարող են տեղափոխել Թուրքիա:
Չնայած փախստականներին արդար տեղաբաշխելու մասին Բրյուսելի հավաստիացումներին, այս ճգնաժամի մեջ հայտնված մարդիկ կասկածում են, որ գործարքն օրինական է և որ այն ի վերջո կարդարացնի իրենց սպասելիքները։