Հարավային Կորեան ԱՄՆ-ին քաջալերում է խստացնել պատժամիջոցները Հյուսիսային Կորաեայի նկատմամբ, նրանց կողմից վերջին ժամանակներս իրականացված միջուկային զենքերի և հրթիռների փորձարկումների պատճառով:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չո Ջուն-հյուքը անդրադարձել է պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ հինգշաբթի օրը Բարաք Օբամայի ստորագրած նոր օրինագծին:
Չո Ջուն-հյուքի խոսքերով. «Ակնկալվում է, որ այս օրինագծի, ինչպես նաև մեր և մյուս երկրների կառավարությունների ձեռնարկած գործողությունների արդյունքում Հյուսիսային Կորեան ստիպված կլինի վճարել միջուկային զենքերի և հրթիռների չարաշահման համար»:
Օրինագծի նպատակն է Հյուսիսային Կորեային զրկել փոքր չափի միջուկային մարտագլխիկների և դրանք նշանակետին հասցնելու համար նախատեսված հրթիռների արտադրման համար անհրաժեշտ ֆինանսավորումից:
Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չո Ջուն-հյուքը նաև տեղեկացրել է, որ Միացյալ Նահանգները կրկնապատկելու է հաջորդ ամսվա համատեղ ռազմական զորավարժություններին մասնակցող իր զինվորականների թիվը։
Հյուսիսային Կորեան շարունակ պնդում է, որ այս զորավարժությունների նպատակը դեպի իր տարածք ներխուժում նախապատրաստելն է։