ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփի՝ մահմեդականների մուտքն Ամերիկա արգելելու մասին առաջարկը լուրջ խառնաշփոթ է առաջացրել նախագահական թեկնածուների շրջանում: Իր ելույթում Թրամփը հայտարարել է, որ այսպես ապրել այլեւս չի կարելի.
«Գնալով ամեն ինչ վատթարանալու է, ժողովուրդ, գնալով ամեն ինչ վատթարանալու է ու մենք կարող ենք քաղաքականապես կոռեկտ եւ հիմար մնալ, բայց ամեն ինչ վատ է լինելու»:
Թրամփի հայտարարությունների նախօրեինՄիացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ընդգծել էր, որ անհրաժեշտ է սերտորեն համագործակցել մահմեդականների հետ.
«Ահաբեկչությանը ոչնչացնելու համար մահմեդականները պետք է դառնան մեր ամենամոտ դաշնակիցները»:
Դոնալդ Թրամփի վիճահարույց առաջարկը քննադատել են ինչպես կուսակիցները, այնպես էլ՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածուները:
«Սա ողբալի եւ ատելությամբ լի մի հայտարարություն է, որը արմատականների շահերին է նպաստում», - հայտարարել է Քլինթոնը:
Որոշ վերլուծաբանների կարծիքով, չնայած Դոնալդ Թրամփի հայտարարությունները վիճահարույց են, դրանք արտացոլում են հասարակության պահպանողական հատվածի անհանգստությունները.
«Նա խաղում է ներգաղթի, անվտանգության եւ ահաբեկչության վերաբերյալ մարդկանց մոտ առկա վախի վրա», - ասում է վերլուծաբան Ջոն Ֆորթյերը:
Փորձագետները հիշեցնում են, որ ավանդույթի համաձայն, անվտանգության մասին անհանգստությունների աճը ավելացնում է նաեւ հանրապետականների աջակցության աստիճանը: