ՄԱԿ-ի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները Թուրքիային ու Ռուսաստանին հորդորում են ցուցաբերել զսպվածություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը Ռուսաստանին ու Թուրքիային հորդորում է դիմել հրատապ քայլերի՝ Թուրքիայի տարածքում ռուսական ռազմաօդանավi կործանման պատճառով կողմերի միջեւ առաջ եկած լարվածությունը մեղմելու համար։ Գլխավոր քարտուղարի խոսքերով, երեքշաբթի օրը գրանցված ՝՝մտահոգիչ զարգացումները՛՛ վտանգի տակ են դնում այս տարածաշրջանում ծայրահեղական ուժերի դեմ պայքարում միջազգային միասնությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննադատել է թուրքմեններով բնակեցված տարածքներում Ռուսաստանի կողմից իրականացված գործողությունները՝ հայտարարելով, թե այդտեղ չկան ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման զինյալներ։ Նա նաեւ ասել է, թե Թուրքիան շարունակելու է աջակցել Սիրիայում թուրքմենական համայնքին։ Նա այս հայտարարություններով հանդես է եկել ռուսական օդանավի կործանման կապակցությամբ անցկացված անվտանգության հարցերով հանդիպումից հետո։

Սիրիայի ապստամբ ուժերը, որոնք ռազմական աջակցություն են ստանում ԱՄՆ-ից, հայտարարել են, թե հարվածել են ռուսական արտադրության այն ուղղաթիռին նաեւ, որն այստեղ էր հասել ռուս երկու օդաչուներին փրկելու համար։ Լոնդոնից գործող Սիրիայի մարդու իրավունքների պաշտպան դիտակ անվանումը կրող կազմակերպության համաձայն, Սիրիայում ընդդիմադիր մարտիկներն ուղղաթիռին հարվածել են հակատանկային հրթիռով, ինչի արդյունքում այն ընկել է, որից հետո ստացել երկրորդ հարվածը։ Ուղղաթիռում գտնվող բոլոր 1Օ անձինք դուրս են բերվել։ Ըստ Ասոշիեյթըդ փրես լրատվական գործակալության, ռուսական արտադրության այս ուղղաթիռը պատկանում է Սիրիայի պետական բանակին։

Թուրքիային ու Ռուսաստանին զսպվածության կոչով է դիմել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Նա այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի արտակարգ հանդիպումից հետո, որն անցկացնելու խնդրանքով էր դիմել Թուրքիան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կանչել է Մոսկվայում Թուրքիայի ռազմական կցորդին՝ նրան ներկայացնելու պաշտոնական բողոք։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել չորեքշաբթի օրը Թուրքիա կատարելիք իր այցը։ Նրա խոսքերով, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ ասել է, թե տեղի ունեցածը չի կարող չազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա: