Մատչելի հղումներ

Ռմբային հարձակում Եմենում՝ նախագահի երդումից հետո


Ավտոմեքենայում տեղադրված ռումբ է պայթել Եմենի նախագահական պալատի մոտ, նոր նախագահ Աբդ-Ռաբու Մանսուր Հադիի երդմնակալությունից միայն մի քանի ժամ հետո։

Անվտանգության պաշտոնատար անձինք ասել են, որ հարձակմանը զոհ է գնացել առնվազն 25 մարդ:

Այս հարձակումը մեկ անգամ եւս ընգծում է այն դժվարությունները, որոնք կանգնած են նոր նախագահի առջեւ մի երկրում, որտեղ հարավից գործում են անջատողական ուժերը, հյուսիսից՝ շիա ապստամբները եւ ալ-Քաիդայի մասնաճյուղերը։
Հադին, խորհրդարանի առջեւ երդում տալով, խոստացավ շարունակել պայքարն ընդդեմ մահմեդական արմատական ալ-Քաիդայի եւ իրենց տները վերադարձնել Եմենի ճգնաժամի պատճառով այստեղից հեռացած եմենցիներին։

Հադին այս շաբաթ անցկացված նախագահական ընտրություններում, որտեղ դրված էր միայն նրա թեկնածությունը, ստացել էր ձայների ավելի քան 99 տոկոսը, որը նրան տալիս է երկու տարով երկրի անցումային կառավարությունը ղեկավարելու պարտավորություն։ Այս ընթացքում անց են կացվելու խորհրդարանական ընտրություններ, ընդունվելու է նոր սահմանադրություն, վերակառուցվելու` բանակը։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Սալեհը համաձայնվեց հրաժարվել պաշտոնից ԱՄՆ-ի ու Պարսից ծոցի երկրների միջնորդությամբ, որը նրան տվեց անձեռնմխելիություն հրաժարականից հետո։
Նա ԱՄՆ-ում բուժումներ ստանալուց հետո շաբաթ օրը վերադարձավ Սանաա։ Երկուշաբթի օրը նա կմասնակցի իշխանությունն իր հաջորդին փոխանցելու արարողությանը։

XS
SM
MD
LG