Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը բուժում անցնելու նպատակով «սահմանափակ» այցելության իրավունք է տվել Եմենի նախագահին


Ալի Աբդուլահ Սալեհ (արխիվային լուսանկար)

Միացյալ Նահանգների իշխանությունները թույլատրելու են Եմենի հրաժարական ներկայացրած նախագահ Ալի Աբդուլահ Սալեհին որոշակի ժամանակով այցելել ԱՄՆ-ը՝ բուժում անցնելու նպատակով:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ նախագահ Սալեհի այցելության դիմումը հաստատվել է բացարձակապես բուժում անցնելու նպատակով, և նախատեսվում է, որ ԱՄՆ կատարվող իր այցը երկար չի տևի:

Եմենի նախագահը կիրակի վաղ առավոտյան մեկնել է երկրի մայրաքաղաք Սանայից դեպի Օման, որտեղ Նյու Յորք ճանապարհորդելուց առաջ կանցկացնի մի քանի օր:

Մեկնելուց մի քանի ժամ առաջ հեռուստատեսությամբ հաղորդված հրաժեշտի իր խոսքում Եմենի նախագահը ներողություն է խնդրել երկրում 33 տարի տևած իր կառավարման ընթացքում թույլ տված սխալների համար և խոստացել է վերադառնալ Եմեն՝ իշխանության գլուխ կանգնած իր կուսակցությունը գլխավորելու նպատակով:

Եմենի ընդդիմության հազարավոր ակտիվիստներ կիրակի օրը բողոքի ցույց են անցկացրել Սանայում՝ պահանջելով դատական պատասխանատվության ենթարկել Սալեհին ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ գործադրված բռնությունների համար, որոնց պատճառով զոհվել են հարյուրավոր մարդիկ:

XS
SM
MD
LG