Մատչելի հղումներ

Յացենյուկ. «Երկրի արևելքում տեղի ունեցող խռովությունները հակաուկրաինական ծրագրի մասն են կազմում»


«Գործի մեջ է դրվում հակաուկրաինական ծրագիր, որի համաձայն օտարերկրյա զորքերը կհատեն սահմանը և կգրավեն երկրի տարածքը»

Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող բողոքի ցույցերը, որոնք ընթացքում երկրի երեք քաղաքներում վարչական շենքերը գրավվել են ռուսաստանամետ ակտիվիստների կողմից, Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման և Ռուսաստանի զորքերի հետագա ներխուժման ծրագրի մաս են կազմում:

Այս հայտարարությամբ երկուշաբթի օրը Ուկրաինայի կառավարության նիստի ընթացքում հանդես է եկել երկրի ժամանակավոր վարչապետ Արսենիյ Յացենյուկը:

Յացենյուկն իր խոսքում նշել է, որ Ռուսաստանի զորքերը գտնվում են Ուկրաինայի սահմաններից 30 կիլոմետր հեռավորության վրա:

«Գործի մեջ է դրվում հակաուկրաինական ծրագիր, որի համաձայն օտարերկրյա զորքերը կհատեն սահմանը և կգրավեն երկրի տարածքը: Մենք նման բան թույլ չենք տա», - ասել է Ուկրաինայի ժամանակավոր վարչապետը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարը երկուշաբթի օրը տեղեկացրել է, որ երկրի Խարկով քաղաքում ցուցարարների կողմից մարզային ադմինիստրացիայի ավելի վաղ գրավված շենքն ազատվել է ցուցարարներից:

Ռուսաստանամետ տասնյակ ցուցարարներ կիրակի օրը ներխուժել էին Դոնեցկի մարզային ադմինիստրացիայի շենք ու Ռուսաստանի դրոշ բարձրացրել:

Ռուսաստանամետ ակտիվիստները, որոնք մասնակցում էին Դոնեցկում կիրակի օրն անցկացված ակցիային, մարզային ադմինիստրացիայի շենք ներխուժելուց հետո Ռուսաստանի դրոշ էին բարձրացրել շենքի երկրորդ հարկում: Շենքը շրջապատած մոտ մեկ ու կես հազար ցուցարարները, տեսնելով դրոշը, «Ռուսաստան» էին վանկարկել:

Ըստ ականատեսների, տեղի ունեցածին հետևում էր ոստիկանության մոտ 500 ծառայող, որոնք սակայն չէին միջամտում այս իրադարձություններին:

Դոնեցկի հետ հարևան Լուգանսկ քաղաքում ցուցարարները ներխուժել էին Ուկրաինայի անվտանգության ծառայության շենք:

Ուկրաինայի Խարկով քաղաքում մարզային ադմինիստրացիայի վրա կիրակի օրը նույնպես Ռուսաստանի դրոշ էր բարձրացվել:
XS
SM
MD
LG