Մատչելի հղումներ

Լույս աշխարհ է եկել Երկրի 7-միլիարդերորդ բնակիչը


Լույս աշխարհ է եկել Երկրի 7-միլիարդերորդ բնակիչը

Աշխարհում բնակվող մարդկանց թիվը երկուշաբթի օրը հասել է յոթ միլիարդի:

Չնայած անհնար է ճշգրտությամբ որոշել, թե որտեղ է ծնվել Երկրի 7-միլիարդերորդ բնակիչը, սակայն աշխարհի պետություններից Ֆիլիպիններն են առաջինը հայտնել այդ մասին:

Դանիկա Մեյ Քամանչոն լույս աշխարհ է եկել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի ծննդատներից մեկում կիրակի օրը կեսգիշերից մի քանի րոպե առաջ:

Չնայած աշխարհի բնակչության յոթ միլիարդի հասնելու հանգամանքը համարվում է երկարակյաց մարդկանց թվի ավելացման և նորածինների մահացության ցուցանիշի բարելավման նշան, սակայն փորձագետները զգուշացնում են, որ բնակչության թվի ավելացման պատճառով աշխարհում բարդացել է նաև զանազան պաշարներ, այդ թվում` ջուր և սնունդ հայթայթելու խնդիրը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պաշտոնատար անձանց համաձայն, Սահարայից հարավ Աֆրիկայում և Ասիայում գտնվող որոշ պետությունների բնակչության աճը գերազանցել է տնտեսական զարգացման արագությունը:

Եվրոպայից պետություններից շատերում և Ճապոնիայում այդ ընթացքում բնակչության բնական աճի թիվը նվազել է և այժմ պակաս է բնակչության փոխարինման մակարդակից` առաջացնելով աշխատուժի պակասի և դրա հետևանքով` արտադրողականության նվազեցման պատճառով կյանքի որակի նվազեցման մտահոգություններ:

Միավորված ազգերի կազմակերպության կողմից հրապարակված վերջին տվյալների համաձայն, մինչև 2050 թվականը աշխարհի բնակչությունը կանցնի ինը միլիարդից` բնակչության աճի ներկայիս արագությունը պահպանվելու դեպքում հասնելով 10,1 միլիարդի մինչև 2050 թվականի ավարտը:

Աշխարհում ամենամեծ բնակչությունը ունեցող երկիրն այժմ Չինաստանն է, որի բնակիչների թիվը կազմում է 1,34 միլիարդ մարդ: Երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ այժմ բնակվում է մոտ 1,2 միլիարդ մարդ, սակայն սպասվում է, որ Հնդկաստանի բնակչության թիվը շուտով կգերազանցի Չինաստանի նույն ցուցանիշը:

Ասիայում` աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող տարածաշրջանում, այժմ բնակվում է 4,2 միլիարդ մարդ:

XS
SM
MD
LG