Մատչելի հղումներ

Աշխարհի առաջնորդները շնորհավորում են Օբամային՝ հաղթանակի կապակցությամբ


Ուղերձներում նշում է կատարվել նաև նախագահ Օբամայի առջև կանգնած դժվարությունների մասին

Աշխարհի առաջնորդները շնորհավորական ուղերձներ են հղում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, որը երեքշաբթի օրը հաղթանակած է դուրս եկել հանրապետական մրցակից Միթ Ռոմնիի դեմ վարած ընտրապայքարում: Ուղերձներում նշում է կատարվել նաև նախագահ Օբամայի առջև կանգնած դժվարությունների մասին:

ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Բան Կի-մունը «ջերմորեն շնորհավորել» է նախագահ Օբամային և ակնկալում է շարունակել համատեղ աշխատանքը՝ «Միացյալ Նահանգների և Միավորված ազգերի կազմակերպության միջև տևական գործընկերության ոգով»: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր ուղերձում նշել է սակայն, որ առջևում կան նաև դժվարություններ, մասնավորապես Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու հարցում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև ռազմավարական դաշինքը է՛լ ավելի է հզորացել, և որ ինքը շարունակելու է աշխատել նախագահ Օբամայի հետ: Հիշեցնենք, որ վարչապետ Նեթանյահուն ԱՄՆ-ի նախագահի մրցակից, Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Ռոմնիի վաղեմի բարեկամն է:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել նախագահ Օբամային: Նախագահ Պուտինի խոսնակն իր հերթին նշել է, որ Օբամայի վերընտրվելու մասին լուրերը Պուտինը «շատ դրական» է ընդունել:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը «ջերմ շնորհավորանքի» մասին իր ուղերձը հղել է հրապարակայնորեն՝ «Twitter» կայքի միջոցով՝ նշելով նաև, որ ակնկալում է համատեղ աշխատանքի շարունակությունը: Հորդանան չորեքշաբթի օրը կատարվող այցի ընթացքում վարչապետ Քեմերոնը սակայն նշել է, թե նախագահ Օբաման պետք է ավելի շատ ջանք գործադրի՝ Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմը դադարեցնելու նպատակով:

Նախագահ Օբամային շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը, ինչպես նաև Չինաստանի և Ճապոնիայի ղեկավարները:

Նախագահ Օբաման, հանդես գալով Չիկագոյում հաղթական իր ուղերձով, խոստացել է դիմել գործողությունների, այլ ոչ թե սոսկ քաղաքական պայքար վարել:

«Գալիք մի քանի շաբաթվա և ամիսների ընթացքում նախատեսում եմ ձեռք մեկնել և աշխատել երկու կուսակցությունների առաջնորդներին՝ լուծելու համար այն մարտահրավերները, որոնք կարող ենք հաղթահարել միայն միասին՝ պետական բյուջեի պակասորդի նվազեցումը, հարկային օրենսդրության բարեփոխումը, ներգաղթի համակարգի բարելավումն ու օտարերկրյա պետություններից ներմուծվող նավթից մեզ ազատելը: Մենք ավելի շատ աշխատանք ունենք անելու», - հաղթական իր ուղերձում ասել է Օբաման:

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին իր հերթին ընդունել է ընտրություններում իր պարտության փաստը: Մասաչուսեթսի նախկին նահանգապետն իր կողմնակիցներին ուղղված հասցեում ասել է, թե «կաղոթի» երկիրը ղեկավարելու գործում նախագահ Բարաք Օբամայի կողմից հաջողության հասնելու համար:

Նախագահի հանրապետական թեկնածուն իր խոսքում ասել է նաև, որ եկել է միջկուսակցական վեճերը կողքի դնելու և հանուն երկրի բարեկեցության համատեղ աշխատելու ժամանակը:
XS
SM
MD
LG