Մատչելի հղումներ

Լոնդոնում քննարկվում է Սոմալիի ապագան


Լոնդոնում քննարկվում է Սոմալիի ապագան
Լոնդոնում քննարկվում է Սոմալիի ապագան

Աշխարհի պետությունների առաջնորդները Լոնդոնում անցկացնում են Սոմալիում տիրող անկայունությունը վերջ տալու նպատակ հետապնդող մեկօրյա համաժողով:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հինգշաբթի անցկացվող համաժողովից առաջ նշել է, որ այն նպատակ չի հետապնդում Սոմալիին պարտադրել միջազգային որևէ լուծում՝ միաժամանակ նշելով, որ «աշխարհը թանկ կվճարի» այն դեպքում, եթե օգնություն չտրամադրի այս պետությանը՝ այնտեղ տեղող ունեցած բռնություններից, երաշտից և շարունակվող աղքատությունից վերականգնվելու նպատակով:

Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը, հանդես գալով համաժողովում, ասել է, որ Սոմալին այժմ իր պատմության «կարևորագույն կետում» է գտնվում: Նրա համաձայն, միջազգային հանրությունը պետք է նպաստի Սոմալիում կայուն կառավարության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին և չդադարեցնի ճնշումը «ալ-Քայիդա»-ի հետ կապեր ունեցող «ալ-Շաբաբ» զինյալների խմբավորման նկատմամբ:

Քլինթընը հայտնել է նաև, որ միջազգային հանրությունը չի երկարաձգի Սոմալիի անցումային թույլ կառավարության օգոստոս մասին լրացող մանդատը՝ ասելով, որ այս երկրին «վաղուց է անհրաժեշտ» ձևավորել մշտական ներկայացուցչական կառավարություն:

Ավելի քան 40 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող համաժողովին ելույթով հանդես է եկել նաև Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

Սոմալիում 1991 թվականից՝ երկրի կայուն վերջին կառավարության անկման ժամանակից արդեն երկու տասնամյակ չի դադարում քաղաքացիական պատերազմն ու աղքատությունը: Վերջին ժամանակներում երկիրը փորձում է հաղթահարել ուժեղ երաշտի հետևանքները, ինչպես նաև պայքարել ծովահենության և տարածաշրջանի համար վտանգ ներկայացնող «ալ-Շաբաբ» խմբավորման զինյալների դեմ:

«Ալ-Շաբաբ»-ի զինյալների վերահսկողության տակ են գտնվում Սոմալիի մեծ տարածքներ, սակայն նրանց դիրքերը թուլացել են Եթովպիայի, Քենիայի և Աֆրիկյան Միության զինված ուժերի կողմից ձեռնարկվող գործողությունների արդյունքում:

XS
SM
MD
LG