Մատչելի հղումներ

Աշխարհի առաջնորդները դատապարտել են Բոստոնում տեղի ունեցած պայթյունները


Աշխարհի պետությունների կառավարություններն ու ղեկավարները դատապարտել են առնվազն երեք զոհի և հարյուրից ավելի վիրավորների պատճառը դարձած Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների իրականացումը

Աշխարհի պետությունների կառավարություններն ու ղեկավարները դատապարտել են առնվազն երեք զոհի և հարյուրից ավելի վիրավորների պատճառը դարձած Բոստոնի մարաթոնի ժամանակ պայթյունների իրականացումը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ասել է, որ «խորը ցնցում» է ապրել հարձակումների հետևանքով և ցավակցություն է հայտնել տուժածների ընտանիքներին:

Եվրոպական Միության նախագահ Հերման վան Ռոմփեյը դատապարտել է «սարսափելի հարձակումները»՝ վստահություն հայտնելով, որ ոճրագործները կենթարկվեն պատասխանատվության:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան-Կի-մունը խստորեն դատապարտել է «անմիտ բռնությունները»: Նա ասել է, որ միջադեպը շատ ավելի զարհուրելի է, քանի որ այն տեղի է ունեցել «ամբողջ աշխարհից մարդկանց սպորտի և ներդաշնակության ոգով միավորելու համար հայտնի մի իրադարձության ժամանակ»:

Բոստոնի մարաթոնի ֆինիշային գծի մոտ երկուշաբթի օրը գրեթե միաժամանակ տեղի էր ունեցել երկու ուժգին պայթյուն, որի հետևանքով զոհվել է երեք, վնասվածքներ ստացել ավելի քան 100 մարդ:

ԱՄՆ-ի իշխանությունները հայտնաբերել են չգործած պայթուցիկ ևս երեք սարք, որոնցից մեկը հայտնաբերվել էր Բոստոնի Նյութն արվարձանում:

Բոստոնի դեպքերից հետո աշխարհի բազմաթիվ քաղաքներում խստացվել են անվտանգության միջոցները: Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը հայտնել է կիրակի օրը կայանալիք Լոնդոնի մարաթոնի անվտանգության ծրագրերը վերանայելու մասին, քանի որ Լոնդոնը չափազանց կարևոր թիրախ է համարվում ահաբեկիչների կողմից:
XS
SM
MD
LG