Մատչելի հղումներ

Կանանց ֆուտբոլի աճը շարունակվում է


Կանանց ֆուտբոլի աճը շարունակվում է
Կանանց ֆուտբոլի աճը շարունակվում է

Ամբողջ աշխարհում գրեթե 26 միլիոն կին և աղջիկ ֆուտբոլ է խաղում այսօր, և այդ թիվը տարեցտարի աճում է:

Գերմանիայում այս տարվա հուլիսի 17-ին ավարտվել է ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի առաջնությունը:

Կանանց ֆուտբոլի աճը շատերը կապում են 1999 թվականին ԱՄՆ-ում Աշխարհի գավաթը հյուրընկալելու հետ:

1997-ից 2000 թվականներին կանանց միջազգային խաղերի ընդհանուր տարեկան թիվը գրեթե կրկնապատկվել է:

Ամեն ինչ սկսվում է երիտասարդ տարիքում։ Կանանց առաջնության ՖԻՖԱ-ի ղեկավար Տատյանա Հաենի խոսքով, «տարբերությունը հսկայական է, եթե համեմատենք տաս-քսան տարվա ցուցանիշների հետ: Կարծում եմ այսօր աշխարհում չեք գտնի մի վայր, որտեղ կանայք ֆուտբոլով չեն զբաղվում»:

Հարավային Աֆրիկայի Պրետորիա քաղաքի համալսարանի ԹԱԿՍ կանանց թիմի կառավարիչ և նախկին ֆուտբոլիստ Ցականի Հլունգվանիի խոսքերով, աֆրիկացի կին-ֆուտբոլիստների հնարավորություններն աճում են:

«Իրավիճակը փոխվում է, նույնիսկ կին մարզիչներին են առաջ քաշում: Իսկ այդ ամենի հետ ականատես կլինենք կանանց ֆուտբոլի ճանաչմանը. նույնիսկ մեծ կազմակերպություններն են սկսում ճանաչել՝ հովանավոր դառնալով», - ասում է Հլունգվանին:

Սակայն ֆուտբոլիստ Գլորիա Թատոն կարծում է, որ Աֆրիկայում կանանց պրոֆեսիոնալ խաղերի աճը դանդաղ է ընթանում:

«Չկա հավասարություն: Կանանց նույն կերպ չեն վերաբերվում, ինչպես տղամարդկանց: Կարծում եմ՝ դա է դանդաղ աճի պատճառը», - ասում է Թատոն:

Միացյալ Նահանգներում բոլոր տարիքների կանայք են զբաղվում ֆուտբոլով: Բրեթ Մենգը Վաշինգտոնի մոտակայքում մարզում է մինչև տասնչորս տարեկան աղջիկների «Ռեալ Մերիլենդ» ֆուտբոլային ակումբը:

«Ֆուտբոլը ճանաչված է հատկապես Վաշինգտոնի շրջանում: 70-ից 80 թիմ է խաղում տարիքային բոլոր խմբերում: Եվ յուրաքանչյուր հաջորդող տարիքային խումբը ավելի լավն է, քան նախորդը: Գնալով բարելավվում է ինչպես մարզիչների, այնպես էլ մարզիկների որակը», - ասում է Մենգը:

Էնի Հասելբեքը խաղալ սկսել է չորս տարեկանից:

«Ես սիրում եմ խաղալ տարբեր լավ թիմերի հետ: Հրաշալի զգացում է, երբ փորձում ես հաղթահարել ինքդ քեզ՝ արդյունքում փորձելով հաղթել բոլորին», - ասում է Հասելբեքը:

Իր թիմակից Ավին Ջոնսընն ասում է, որ ինքը բարելավում է իր խաղի որակը՝ դիմելով ավագների խաղը:

«Ես դիտում եմ կանանց խաղը, նաև Միացյալ Նահանգների կիսապաշտպանների խաղը: Քանի որ ինքս կիսապաշտպան եմ, սիրում եմ նայել, թե ինչպես են խաղում, որքան արագ», - ասում է Ջոնսընը:

Միացյալ Նահանգների կանանց թիմի մարզիչ, շվեդուհի Փիա Սանդհեյն ասում է. «Նախկինում ինձ թույլ չէին տալիս ֆուտբոլ խաղալ, քանի որ աղջիկ էի, և գիտեք, որ տարբեր երկրներում կանանց թույլ չեն տալիս դուրս գալ տանից և ֆուտբոլ խաղալ: Կարծում եմ՝ այժմ փոփոխություն կա, մարդիկ փոփոխություն են պահանջում, և այդ պահանջները գնալով ուժեղանում են»:

ՖԻՖԱ-ի «Grassroots» ծրագրով 2009 թվականից նախապատվություն է տրվում մանկական սպորտի զարգացմանը: Ֆուտբոլի համաշխարհային կառավարման մարմինը ցանկանում է, որ բոլորը՝ կին, թե տղամարդ, վայելեն այս հրաշալի խաղի հաճույքը:

XS
SM
MD
LG