Մատչելի հղումներ

Կոլորադո նահանգում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ լքել են տները


ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում չդադարող անտառային հրդեհների հետ պայքարելու համար կուղարկվեն հրշեջներից լրացուցիչ ուժերի: Այս նահանգում հրդեհների պատճառով արդեն իսկ ոչնչացվել կամ վնասվել է ավելի քան 100 շինություն, զոհվել է նահանգի բնակիչներից մեկը:

Իշխանությունները երկուշաբթի երեկոյան հաստատել են, որ հրշեջները Կոլորադո նահանգի մայրաքաղաք Դենվերից դեպի հյուսիս 160 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Լարիմեր շրջանում հայտնաբերել են իր տան մեջ զոհված 62-ամյա մի տիկնոջ դիակը: Հրշեջների համաձայն, զոհված Լինդա Սթիդմանի հեռախոսի ինքնապատասխանիչում հայտնաբերվել է վերջինիս փրկվելու կոչ անող երկու հաղորդագրություն: Սթիդմանի մերձավորների համաձայն, «նա վախճանվել է իր տնակում, որն այնքան էր սիրում»:

Եվս 200 հրշեջ երեքշաբթի օրը միանալու է նահանգում հրդեհի դեմ պայքար մղող իրենց 400 գործընկերներին: Կայծակի հարվածից բռնկված՝ նահանգի պատմության մեջ ուժգնությամբ երրորդ հրդեհը տարածվել է ավելի քան 16 հազար հեկտար մակերես ունեցող տարածքի վրա և հարյուրավոր բնակիչներին ստիպել հեռանալ իրենց տներից:

Հրդեհի դեմ պայքարին աջակցելու համար ուղղարկվել է նաև մեկ տասնյակից ավելի մասնագիտացված օդանավ:

Կոլորադոյի հարևան Նյու Մեքսիկո նահանգում հրշեջները նույնպես պայքարում են հսկա հրդեհի դեմ:

Ինչպես և Կոլորադոյում, Նյու Մեքսիկոյում շարունակվող հրդեհը բռնկվել է կայծակի հարվածից: Հրդեհը տարածվել է 14 հազար հեկտար կազմող տարածքի վրա և ոչնչացրել 35 շինություն:

XS
SM
MD
LG