Մատչելի հղումներ

«Վիքիլիքս»–ի հիմնադիրը բանտում է, սակայն փաստաթղթերի հրապարակումը շարունակվում է


«Վիքիլիքս»–ի հիմնադիրը բանտում է, սակայն փաստաթղթերի հրապարակումը շարունակվում է

Ավստրալիայի արտգործնախարար Քեվին Ռադը հանդես է եկել հայտարարությամբ, որում ԱՄՆ–ի դիվանագիտական գաղտնի փաստաթղթերի հրապարակման մեջ նա մեղադրում է ոչ թե «Վիքիլիքս» կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին, այլ Միացյալ Նահանգներին։

Ռադը չորեքշաբթի օրը նշել է, որ «Վիքիլիքս»–ի կողմից փաստաթղթերի հրապարակման համար իրավական պատասխանատվություն են կրում նրանք, ովքեր կատարել են փաստաթղթերի սկզբնական արտահոսքը։ Նրա համաձայն, փաստաթղթերի արտահոսքը մատնանշում է ԱՄՆ–ի անվտանգության ոլորտում առկա խնդիրները։

Չնայած «Վիքիլիքս»–ի հիմնադիր Ասանժը ձերբակալվել է Լոնդոնում երեքշաբթի օրը, կայքը ԱՄՆ–ի փաստաթղթերի նոր խմբաքանակ է հրապարակել։ Փաստաթղթերի վերջին հրապարակումն ուղեկցվում է գաղտնի փաստաթղթերի հրապարակումները շարունակել խոստացող հայտարարությամբ։

Լոնդոնում երեքշաբթի օրը մերժվել է գրավով ազատ արձակման խնդրանքով Ասանժի դիմումը։ Ասանժը պայքարում է իրեն Շվեդիային հանձնելու դեմ, որտեղ նա գտնվում է հետախուզության մեջ՝ սեռական բնույթի ենթադրյալ հանցագործություններ կատարելու համար։ Բրիտանական դատարանը հրաման է տվել Ասանժին կալանքի տակ պահել մինչև դեկտեմբերի 14–ին կայանալիք հաջորդ լսումները։

ԱՄՆ–ի պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտնել են, որ օտարերկրյա պետությունների կառավարությունները արդեն իսկ չեն ցանկանում վստահել ԱՄՆ–ին՝ «Վիքիլիքս»–ի կողմից բացահայտված գաղտնի հաղորդագրությունների պատճառով։ ԱՄՆ–ի արտգործնախարարության խոսնակի համաձայն, եթե առաջ հանդիպումներին մասնակցում էր մի քանի դիվանագետ, ապա այժմ մասնակիցների թիվը նվազել է։ Նրա համաձայն, հանդիպումներից մեկի ընթացքում հնչել է «նոութբուք համակարգիչները սենյակից դուրս բերելու» խնդրանք։

Պենտագոնի խոսնակը հայտնել է, որ ԱՄՆ–ի զինված ուժերը նկատել են տեղեկություններ հաղորդող օտարերկրյա անձանց համագործակցել չցանկանալու դեպքեր։

XS
SM
MD
LG