Մատչելի հղումներ

«Վիքիլիքս»–ի հրապարակումից առաջ Քլինթընը դիմել է մի քանի երկրների


«Վիքիլիքս»–ի հրապարակումից առաջ Քլինթընը դիմել է մի քանի երկրների

ԱՄՆ–ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը «Վիքիլիքս» կայքում միլիոնավոր գաղտնի և զգայուն տեղեկություններ պարունակող շուտով սպասվող հրապարակումից առաջ հանդես է եկել մի քանի պետությունների ղեկավարներին ուղղված դիմումով։

Արտգործնախարարության խոսնակ Փիթեր Քրաուլին ուրբաթ օրը «Twitter» կայքի միջոցով հայտնել է, որ արտգործնախարարը հանդես է եկել Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ–ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Աֆղանստանի ղեկավարներին ուղղված դիմումով։

«Հաարեց» թերթի փոխանցմամբ, Իսրայելի պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ իր երկրի կառավարությունը զգուշացվել է, թե «Վիքիլիքս» կայքում հրապարակվելիք որոշ հեռագրեր կարող են պարունակել Թել Ավիվում ԱՄՆ–ի դեսպանության գաղտնի հաշվետվություններ։

Լոնդոնում հրապարակվող «Ալ–Հայաթ» թերթը հայտնել է, որ «Վիքիլիքս»–ի հրապարակումները բացահայտելու են Թուրքիայում գործող և ԱՄՆ–ի արտգործնախարարության կողմից ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցությանը տրամադրվող աջակցությունը։

Դեռ հայտնի չէ, թե երբ են փաստաթղթերը հրապարակվելու «Վիքիլիքս» կայքում։ Սպասվում է, որ «Վիքիլիքս»–ի կողմից փաստաթղթերի նախատեսված հրապարակումը մի քանի անգամ է գերազանցելու Իրաքի պատերազմին վերաբերող 400 հազար փաստաթղթի հրապարակումը։

XS
SM
MD
LG