Մատչելի հղումներ

Առողջապահության միջազգային կազմակերպություն. «Ծխախոտի վերահսկման կոնվենցիան դրական արդյունքներ է ունեցել»


Առողջապահության միջազգային կազմակերպություն. «Ծխախոտի վերահսկման կոնվենցիան դրական արդյունքներ է ունեցել»
Առողջապահության միջազգային կազմակերպություն. «Ծխախոտի վերահսկման կոնվենցիան դրական արդյունքներ է ունեցել»

Վերջերս աշխարհում նշվեց ծխախոտ չօգտագործելու օրը, որի միջոցով հանրային առողջապահության փորձագետները վերահաստատեցին աշխարհում ծխախոտի օգտագործումը վերահսկելու ջանքերը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ողջունում է ծխախոտի օգտագործման դեմ պայքարը և գիտակցում դրա հետ կապված մարտահրավերները:

Ավստրալիան ընդունել է ծխախոտի դեմ ամենախիստ օրենքներից մեկը. այն արգելում է տուփի վրա ծխախոտի ընկերության անունը գովազդող որևէ պատկեր կամ տեքստ: Ըստ օրենքի՝ անունը պետք է գրված լինի սովորական տառատեսակով և գույնով:

Ավստրալիայի Առողջապահության նախարար Նիկոլա Ռոքսընի խոսքերով՝ արգելքը կօգնի նվազեցնել ծխելու հետևանքով մահացության ամենամյա ցուցանիշները:

«Պետք է համոզված լինենք, որ Ավստրալիայում ծխախոտի ընկերությունների համար չկան հնարավորություններ իրենց արտադրանքը գովազդելու համար, հատկապես՝ երիտասարդների շրջանում», - ասում է Ռոքսընը:

Ծխախոտի դեմ ագրեսիվ օրենքներ են ընդունել նաև շատ երկրներ, այդ թվում՝ Բելգիան, Իսպանիան և Չինաստանը:

Նրանք ծխախոտի դեմ համաշխարհային պայքարի շարժման մաս են կազմում, և համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ծխախոտի օգտագործումը վերջապես կրճատվում է:

Կազմակերպությունը հիմնականում բացատրում է այս երևույթը Ծխախոտի վերահսկման պայմանագրի իրագործմամբ, որը ստորագրել են բազմաթիվ երկրներ:

Ավստրալիայի կողմից ծխելու դեմ ընդունված միջոցների նման միջոցներ պայմանագրի շրջանակներում գործող շատ երկրներ են ընդունել:

Միացյալ Նահանգներում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն բժիշկ Թոմաս Ֆրիդրենը հավատացած է, որ կառավարության ջանքերը կարող են գալիք տասնամյակներում 100 միլիոնավոր մարդկանց կյանք փրկել:

«Սովորաբար ծխախոտի վերահսկումը զուտ դրական է երկրի տնտեսության համար: Քիչ մարդ է ունենում սրտի կաթված, քաղցկեղ, քիչ մարդ է դառնում հաշմանդամ» - ասում է Ֆրիդրենը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային պայմանագիրն ուժի մեջ է մտել 2005 թվականին: Դրան են միացել 170-ից ավել երկիր:

Համաձայն կազմակերպության՝ պայմանագրին միանալուց հետո Ավստրալիայում, Նորվեգիայում և Մեքսիկայում ծխելու ցուցանիշը նվազել է 5 տոկոսով: Ուրուգվայում արդյունքներն ավելի տպավորիչ են:

«Ծխախոտի վերահսկումը շատ պարզ է գործում՝ ծխախոտի վրա հարկ, ծխելն արգելող վայրեր, ծխելու դեմ գովազդ, ծխախոտի գովազդի ու մարքեթինգի կրճատում: Այս չորս միջոցառումները մեծ փոփոխություն կառաջացնեն Ուրուգվայի նման երկրներում, որտեղ երկու տարվա ընթացքում ծխողների թիվը կրճատվել է 25 տոկոսով» - ասել է Ֆրիդենը:

Փորձագետները համաձայն են, որ անհրաժեշտ է անել ավելին։

Չինաստանում, օրինակ, ըստ հանրային առողջապահության փորձագետների, գալիք երկու տասնամյակների ընթացքում ծխախոտից ամեն տարի մահանալու է 3 և կես միլիոն մարդ, ինչը ներկա ցուցանիշի գրեթե եռապատիկն է:

«Տխուր փաստ է, որ Չինաստանում գրեթե 100 միլիոն մարդ, ով այսօր ծխում է, կմահանա երիտասարդ: Չինաստանը նոր է սկսում գիտակցել այն մարտահրավերները, որ ծխելն առաջացնում է հասարակության համար», - ասում է Ֆրիդենը:

Այս ամիս Չինաստանի առողջապահության նախարարությունը սկսել է պարտադրել հանրային վայրերում ծխելու արգելքը:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ծխախոտն այս տարի կդառնա գրեթե վեց միլիոն մարդու մահվան պատճառ, այդ թվում՝ 600 հազար չծխողների, ովքեր մահանում են ծխողների արտաշնչած ծխից:

XS
SM
MD
LG