Մատչելի հղումներ

Արևմուտքի պետությունները բարձրաստիճան պաշտոնյաներ չեն ուղարկի Եգիպտոսում կայանալիք երդմնակալության


Միացյալ Նահանգները Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի կիրակի օրը կայանալիք երդմնակալության արարողության ժամանակ կներկայացնի արտգործնախարար Ջոն Քերրիի խորհրդական Թոմաս Շենոնը

Եգիպտոսի դաշնակից Արևմուտքի պետությունները չեն նախատեսում բարձրաստիճան պաշտոնյաներ ուղարկել Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար՝ այսպիսով դիվանագիտորեն հայտնելով Եգիպտոսում ժողովրդավարության վիճակի շուրջ իրենց մոտ առկա մտահոգությունների մասին:

«Մահմեդական եղբայրությունը» անցյալ տարվա հուլիսի իշխանությունից հեռացնելուց հետո Սիսիի կողմից ստեղծված կառավարությունը մեղադրվում է իսլամիստական այս շարժման, ինչպես նաև աշխարհիկ ակտիվիստների դեմ ուղղված մարդու իրավունքների լայնածավալ խախտումների մեջ:

ԱՄՆ-ի իշխանությունները տեղեկացրել են, որ Միացյալ Նահանգները Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի կիրակի օրը կայանալիք երդմնակալության արարողության ժամանակ կներկայացնի արտգործնախարար Ջոն Քերրիի խորհրդական Թոմաս Շենոնը:

Միացյալ Նահանգները, որն արդեն մի քանի տասնամյակ շարունակ Մերձավոր Արևելքում մոտ դաշնակից է համարում Եգիպտոսը, «Մահմեդական եղբայրության» առաջնորդ, նախագահ Մոհամեդ Մորսիի իշխանությունը տապալելուց հետո դադարեցրել է այս երկրին օգնության որոշ տեսակների տրամադրումը:

Արևմուտքի դիվանագիտական աղբյուրներից հայտնել են նաև, որ Եվրոպայի պետությունները ներկայացված կլինեն դեսպանների մակարդակով:

«Այս մասին որոշումը եղել է համատեղ», - տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը՝ հավելելով, որ նման քայլի միջոցով շեշտը դրվում է քաղաքական անցումն իրականացնելու հետ առկա մտահոգությունների վրա:

Եվրամիությունը հինգշաբթի օրը հրապարակած հայտարարության մեջ բարձրաձայնել է Եգիպտոսում քաղաքական ընդդիմախոսների, ակտիվիստների և լրագրողների շարունակվող ազատազրկման հետ կապված անհանգստությունը:

Չնայած Արևմուտքի պետությունները մտահոգություն են արտահայտել Եգիպտոսում մարդու իրավունքների խախտումների կապակցությամբ՝ Կահիրեի նկատմամբ ճնշում գործադրելուն միտված վճռական միջոցներ սակայն չեն ձեռնարկվել:

Մոհամեդ Մորսիի տապալումը միաժամանակ լարվածություն է առաջացրել Եգիպտոսի և հարևանությամբ գտնվող Թուրքիայի և Քաթարի միջև հարաբերություններում:

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաները հայտնել են, որ Եգիպտոսի նախագահի երդմնակալության արարողությանը Թուրքիային ներկայացնելու է Կահիրեում այս երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարը:
XS
SM
MD
LG