Համաշխարհային բանկը հրապարակել է «Doing Business 2011» հերթական տարեկան զեկույցը։ Զեկույցի համաձայն, գործարարությամբ զբաղվելու հնարավորությունների տեսանկյունից աշխարհի առաջատար երկիրը, ինչպես և անցյալ տարի, Սինգապուրն է։
Հրապարակված զեկույցի համաձայն, աշխարհում գործարարության համար ամենաբարենպաստ երկրների տասնյակում են ՀոնգԿոնգը, Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Դանիան, Կանադան, Նորվեգիան, Իռլանդիան և Ավստրալիան, որոնք անցյալ տարվա զեկույցի արդյունքներով նույնպես մտնում էին առաջատար տասնյակի մեջ:
Հայաստանի ցուցանիշն այս տարի հետընթաց է գրանցել՝ անցյալ տարվա 44-րդից այս տարի 48-րդ տեղը տեղափոխվելով:
Ի տարբերություն Հայաստանի, տարածաշրջանային հարևանների ցուցանիշները մի փոքր աճ են գրանցել: Այս տարվա զեկույցում Վրաստանը զբաղեցնում է 12-րդ տեղը` անցյալ տարվա 13-րդ տեղի փոխարեն: Անցյալ տարի 55-րդ տեղը զբաղեցրած Ադրբեջանի ցուցանիշը նույնպես աճ է գրանցել` հայտնվելով 54-րդ հորիզոնականում:
Ի դեպ, Վրաստանի ցուցանիշն ամենաբարձրն է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում. այդ պետություններից Վրաստանին իր ցուցանիշներով հաջորդում է Էստոնիան` անցյալ տարվանից անփոփոխ զբաղեցնելով 17-րդ տեղը:
Ռուսաստանի Դաշնության ցուցանիշն այս տարի զեկույցում անցյալ տարվա համեմատ նվազել է` 116-ից տեղափոխելով երկրի ցուցանիշը մինչև 123-րդ տեղը: