Մատչելի հղումներ

Հարձակումների ալիք Իրաքում. կան բազմաթիվ զոհեր


Հարձակումների ալիք Իրաքում. կան բազմաթիվ զոհեր

Իրաքի իշխանությունները հայտնել են երկրում իրականացված հարձակումների ալիքի մասին, որի հետևանքով զոհվել է առնվազն 50, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 200 մարդ:

Երկրում հինգշաբթի օրը տեղի ունեցած հարձակումների հիմնական մասն իրականացվել է մայրաքաղաք Բաղդադում, որտեղ տեղի է ունեցել մի քանի պայթյուն, որոնցից մեկը՝ քաղաքի հիմնականում շիաներով բնակեցված Քառադահ թաղամասում:

Քառադահ թաղամասում իրականացված պայթյունի հետևանքով ինը մարդ զոհվել է, 24-ը՝ վնասվածքներ ստացել:

Զինյալները հարձակումներ են իրականացրել անվտանգության ուժերի պահակախմբերի ուղղությամբ երկրի տասը այլ քաղաքում: Հարձակումներ են իրականացվել նաև մեկ ռեստորանի, ինչպես նաև դպրոցի վրա:

Իրաքում հինգշաբթի օրն իրականացված հարձակումներից առաջ Բաղդադում կիրակի օրն իրականացվել էր պայթյուն ոստիկանության վարժարանի մոտակայքում, որին զոհ էին գնացել 19 նորակոչիկ:

Այս հարձակումներից առաջ մեկ շաբաթվա ընթացքում Իրաքի մայրաքաղաքում տիրում էր համեմատաբար հանգիստ իրավիճակ, որի ընթացքում գրանցվել է երկրի շիա վարչապետի և սունի քաղաքական դաշինքի միջև քաղաքական լարվածության նվազում:

XS
SM
MD
LG