Մատչելի հղումներ

Վաշինգտոնում հասարակությանը ցուցադրվում են վտանգված հազվադեպ բույսերը


Վաշինգտոնում հասարակությանը ցուցադրվում են վտանգված հազվադեպ բույսերը
Վաշինգտոնում հասարակությանը ցուցադրվում են վտանգված հազվադեպ բույսերը

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ապակյա գմբեթով կառույցը հետաքրքիր պատմություն ունի:

Միացյալ Նահանգների բուսաբանական այգին բացվել է 1820 թվականին: Այնտեղ կան են աշխարհի անապատները, ջունգլիները և այլ բնաշխարհ ներկայացնող տաս հազարից ավել բույսեր: Այգին վերջերս ցուցադրել է վտանգված և հազվագյուտ բույսերի մի հավաքածու:

Բուսաբանական այգում վտանգված տեսակների օր է, և քայլուղու կողքին շարված բույսերը իրազեկում են աշխարհի երեսին անհետացող բնաշխարհի մասին:

«Հյուսիսային Ամերիկայում Հավայան կղզիները ամենափոքր հողազանգված ունեցող նահանգն է, սակայն այնտեղ աճում է վտանգված տեսակների ամենամեծ թիվը: Այս սենյակում գտնվող գրեթե բոլոր բույսերը վտանգված են», - պատմում է այգեգործ Ռեյ Մինսն Հավայան կղզիները ներկայացնող սենյակում:

Մինսն առանձնացնում է բրինգամիան, որը հայտնի է որպես «կաղամբ փայտիկի վրա»: Այն վերացել է բնության մեջ, ինչը մասամբ բացատրվում է բնական փոշոտող միջատի կամ թռչնի կամ չղջիկի անհետացման հետ:

«Այդ բույսի փոշոտողը վերացել է, և այն փոշոտելու բնական ճանապարհ չկա», - ասում է Մինսը:

Փոշոտողների անհետացման հարցը անհանգստացնում Ջոդի Ջոնսընին:

Ջոնսընը ներկայացնում է Կալիֆորնիայում գործող «Փոշոտողների համագործակցություն» խումբը, որը խթանում է փոշոտողների առողջությունը, ինչն այնքան կարևոր է էկոհամակարգի և սննդի արտադրության համար:

«Շատերը գիտեն, որ մեղուները փոշոտող են: Սակայն մարդիկ չգիտեն, թե փոշոտելու որքան շատ եղանակներ կան՝ չղջիկները, թռչող սկյուռերը, մողեսները դրանցից ընդամենը մի քանիսն են: Հարկավոր է բարձրացնել մարդկանց իրազեկությունն այդ մասին»,- ասում է Ջոնսընը:

Բոլոր ծաղիկների նման, խոլորձները ևս կախված են փոշոտողներից: Բուսաբանական այգու հավաքածուն գրավել է Կալիֆորնիայից Ժոզեֆինա Մատեոյի և Ֆիլիպիններից նրա ազգական Ռաուլ Լոս Սանտոսի ուշադրությունը:

«Նկատեցի, որ այս փոքրիկ անկյունի բույսերը Ֆիլիպիններից են, ոգևորվեցի, շատ եմ սիրում խոլորձ, ուստի սկսեցի լուսանկարել»,- ասում է Մատեոն:

«Այո, իսկապես հետաքրքիր է տեսնել խոլորձ Ֆիլիպիններից: Սակայն շատ կարևոր է, որ մարդիկ, հատկապես երեխաները հասկանան, որ անհրաժեշտ է իրազեկ լինել շրջակա միջավայրի մասին: Մենք շատ տեսակներ ենք կորցնում», - ասում է Լոս Սանտոսը:

Այգեգործ Ռեյ Մինսն անհանգստացած է, որ բազմաթիվ խոլորձներ վտանգված են, հատկապես՝ ապօրինի հավաքողների կողմից: Իր խոսքերով՝ ցուցադրվող բույսերն օգնում են ուշադրություն դարձնել վայրի բնության այս և այլ խնդիրների վրա:

«Հույս ունենք, որ մարդիկ, տեսնելով հայրենի և վտանգված բույսերի գեղեցկությունը, կեհռանան՝ գիտակցելով, որ մարդկանց և այգեգործների գործողությունները կարող են ազդել բույսերի վրա, և կմտածեն, թե ինչպես իրենք կարող են պաշտպանել վտանգված բույսերը», - ասում է այգեգործ Մինսը:

Մերիլենդի Քլինթըն քաղաքում բնակվող Նենսի Գայերը այգի է գալիս հանգստանալու համար: Նրան հուզում է այն, ինչ տեսնում է:

«Երբ ինչ-որ բան անհետանում է աշխարհից, այն վերադարձնել հնարավոր չէ: Իսկ երկրի վրա ամեն ինչ իր գոյության պատճառն ունի, և այդ ամենն ազդում է մեր կենսակերպի վրա»,- ասում է Գայերը:

XS
SM
MD
LG