Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման առաջարկել է հատկացնել մեկ միլիարդ դոլար՝ Եվրոպայի անվտանգությունն ապահովելու համար


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման մեկնարկել է եվրոպական շրջագայությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է հատկացնել մեկ միլիարդ դոլար՝ Եվրոպայում տեղակայված զորքերի արագացված վերապատրաստման և ռոտացիոն կարգով տեղակայման, այդ թվում՝ Սև և Բալթիկ ծովերում ռազմածովային լրացուցիչ ուժեր ուղարկելու նպատակով:

ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից երեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգները նախատեսում է վերագնահատել Եվրոպայում իր ռազմական ներկայությունը՝ «մայրցամաքում անվտանգության նոր սպառնալիքների կապակցությամբ»:

Միացյալ Նահանգների այս ծրագրերի մասին հայտարարությունը հրապարակվել է նախագահ Օբամայի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի միջև հանդիպման մասին հաղորդագրությունների հետ գրեթե միաժամանակ:

Լեհաստանն առաջին երկիրն է, որը ԱՄՆ-ի նախագահն այցելել է եվրոպական իր շրջագայության ժամանակ, որի ընթացքում Օբաման կայցելի ևս երկու պետություն:

Ակնկալվում է, որ Բարաք Օբամայի Եվրոպա կատարվող շրջագայության ժամանակ քննարկումների կենտրոնում կլինի Ուկրաինայում չդադարող ճգնաժամը:

Վարշավա երեքշաբթի օրը ժամանելուց հետո ԱՄՆ-ի նախագահն անդրադարձել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման մասին՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման:

«Ես մեկնարկում եմ այցն այստեղ, քանի որ Լեհաստանի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մեր դաշնակիցների անվտանգության ապահովման հանձնառությունը մեր սեփական անվտանգության հիմնաքարն է», - շեշտել է նախագահ Օբաման:
XS
SM
MD
LG