Մատչելի հղումներ

«Վաշինգտոն Փոստ»-ի կայքը «ջարդել» է «Սիրիայի էլեկտրոնային բանակը»


«Սիրիայի էլեկտրոնային բանակը» «Twitter»-ում հրապարակված հաղորդագրության մեջ նշել է, որ իրեն հինգշաբթի օրը հաջողվել է ցանցահենային հարձակում իրականացնել «Վաշինգտոն Փոստ»-ի, «Սի-Էն-Էն» և «Թայմ» ամսագրի կայքերի դեմ

Ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականը հայտնել է իր կայքի աշխատանքը հինգշաբթի օրվա սկզբին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին սատարող ցանցահենների մի խմբի կողմից խաթարվելու մասին:

Պարբերականի համաձայն, «Սիրիայի էլեկտրոնային բանակ» իրեն անվանող խմբին կարճ ժամանակով հնարավոր է դարձել ներթափանցել «Վաշինգտոն Փոստ»-ի համակարգիչները և թաքուն ներկառուցել մի հրաման, որի արդյունքում պարբերականի կայքի այցելուներն ինքնաբերաբար փոխադրվում էին ցանցահենների կայք:

«Ներխուժումը տևել է մոտ 30 րոպե և ազդեցություն է ունեցել միջազգային որոշ լուրեր լուսաբանող հոդվածների վրա: Մենք գործադրել ենք պաշտպանական միջոցներ, և ներկայում կայքի աշխատանքի վրա ազդեցության որևէ խնդիր չկա», - ասել է «Վաշինգտոն Փոստ»-ի թվային հրատարակության պատասխանատու խմբագիր Էմիլիո Գարսիա-Ռուզը:

Ցանցահենների այս հարձակումը հետևել է այս շաբաթվա սկզբին չհայտնաբերված աղբյուրի կողմից իրականացված «ֆիշինգային» հարձակմանը, որը նպատակ էր հետապնդում ձեռք բերելու «Վաշինգտոն Փոստ»-ի լրագրողների կողմից պարբերականի ցանց մուտք գործելու համար օգտագործվող օգտատերերի անուններն ու գաղտնաբառերը: Հարձակման աղբյուրից պարբերականի հասցեներով ուղարկվել է էլեկտրոնային նամակ, որը նմանեցվել էր գործընկերների կողմից ուղարկվող նամակներին: Ըստ պարբերականի, էլեկտրոնային նամակի բովանդակությունը կարգադրում էր ստացողներին սեղմել նամակում պարունակվող հղման վրա, ապա տրամադրել մուտքի տվյալներ: Այս տեղեկությունները հետագայում կարող էին օգտագործվել արտաքին աղբյուրի կողմից դեպի պարբերականի համակարգչային ցանց մուտք գործելու նպատակով:

«Վաշինգտոն Փոստ»-ի պաշտոնյաների կարծիքով, «ֆիշինգային» այս հարձակման հետևում նույնպես կանգնած է եղել «Սիրիայի էլեկտրոնային բանակը»:

«Սիրիայի էլեկտրոնային բանակը» հինգշաբթի օրը «Twitter»-ում հրապարակված հաղորդագրության մեջ նշել է, որ իրեն հաջողվել է «մեկ հարվածով» ցանցահենային հարձակում իրականացնել «Վաշինգտոն Փոստ»-ի, «Սի-Էն-Էն» և «Թայմ» ամսագրի կայքերի դեմ:
XS
SM
MD
LG