Մատչելի հղումներ

Վաշինգտոնի ազգային տաճարում կանցկացվեն համասեռականների պսակադրության արարողություններ


Եպիսկոպոսյան եկեղեցին վերջին մի քանի տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել՝ համասեռականներին իր շարքերում ընդգրկելու, այդ թվում՝ համասեռական հոգևորականների ձեռնադրման ուղղությամբ

Միացյալ Նահանգներում ամենահայտնի եկեղեցիներից մեկում կանցկացվեն համասեռականների պսակադրության արարողությունները:

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Ազգային տաճարի առաջնորդներն այս մասին հայտարարությամբ հանդես կգան չորեքշաբթի օրը:

Վաշինգտոնի ազգային տաճարը եպիսկոպոսյան եկեղեցու թեմի, որն ընդգրկում է ԱՄՆ-ի մայրաքաղաքի հարևանությամբ գտնվող Մերիլենդ նահանգի որոշ տարածքները, նստավայրն է: Մերիլենդ նահանգի ընտրողներն անցյալ տարվա նոյեմբեր ամսին անցկացված քվեարկության ընթացքում հավանության էին արժանացրել իրենց նահանգում համասեռականների ամուսնությունների օրինականացումը:

Եպիսկոպոսյան եկեղեցին վերջին մի քանի տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել՝ համասեռականներին իր շարքերում ընդգրկելու, այդ թվում՝ համասեռական հոգևորականների ձեռնադրման ուղղությամբ: Եկեղեցին վերջերս հաստատել է պսակադրության արարողության մի հատուկ կարգ, որը նախատեսված է համասեռականների ամուսնության արարողություններն անցկացնելու համար:

Վաշինգտոնի ազգային տաճարում, որն արդեն ունի մեկ դարի պատմություն, ժամանակին անցկացվել են ԱՄՆ-ի նախագահներ Ֆրանկլին Ռուզվելթի և Բարաք Օբամայի երդմնակալության, ինչպես նաև նախկին նախագահներ Դուայթ Էյզենհաուերի, Ռոնալդ Ռեյգանի և Ջերալդ Ֆորդի հուղարկավորության արարողությունները: Նյու Յորք քաղաքի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի ուղղությամբ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչական հարձակումներից հետո տաճարում անցկացվել էր աղոթքի արարողություն՝ նվիրված հարձակումների զոհ գնացածների հիշատակին:
XS
SM
MD
LG