Մատչելի հղումներ

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Էրդողանը Գազայի գոտի այցելի


ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, 2013թ. ապրիլի 7 (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, 2013թ. ապրիլի 7 (արխիվային լուսանկար)

Անկարան սակայն բացառում է փոփոխությունները վարչապետի այցի ծրագրում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Գազայի գոտի ծրագրավորվող այցի պատճառով սրվել է դիվանագիտական անհամաձայնությունը Վաշինգտոնի և Անկարայի միջև, քանի որ պաշտոնական Անկարան հերքել է գալիք ամիս կայանալիք այցը հետաձգելու Վաշինգտոնի կողմից ներկայացված պաշտոնական առաջարկությունը:

Թուրքիայի իշխանությունները խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի կողմից արված հայտարարությունը, որտեղ վերջինս առաջարկել է հետաձգել վարչապետ Էրդողանի Գազայի գոտի կայանալիք այցելությունը: Քերին զգուշացրել է նաև, որ Էրդողանի կողմից կատարվելիք այցը կարող է ի չիք անել Իսրայելի և պաղեստինցիների միջև բանակցությունները վերսկսելուն ուղղված իր կողմից գործադրվող ջանքերը:

Թուրքիայի փոխվարչապետ Բուլենթ Արինջը հերքել է ԱՄՆ-ի արտգործնախարարի առաջարկությունը՝ հայտարարելով, որ իր պետությունը նման առաջարկությունն համարում է դիվանագիտական տեսակետից անընդունելի, և թե «ամբողջ աշխարհը պետք է իմանա, որ Թուրքիան իր իսկ հայեցողությամբ գործելու իրավունք ունի»:

Գազայի գոտի Էրդողանի այցի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է ստվեր գցել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն գալիք ամսվա սկզբին Թուրքիայի վարչապետի կայանալիք այցի վրա: Արտգործնախարար Քերիի համաձայն, Գազայի գոտի Էրդողանի այցը կարող է քննարկման առարկա դառնալ Վաշինգտոնում վերջինիս գտնվելու ժամանակ:

«Կարծում ենք՝ առավել նպատակահարմար կլիներ սպասել ավելի պատշաճ իրավիճակի: Իմ կարծիքով, վարչապետը հարգանքով է լսել մեր նկատառումները: Կարծում եմ, որ նա փոխըմբռնմամբ է վերաբերվել դրանց: Անհրաժեշտության դեպքում մենք, իհարկե, կարող ենք շարունակել մեր քննարկումն այն ժամանակ, երբ նա ժամանի Վաշինգտոն», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարի հայտարարության մեջ:
XS
SM
MD
LG