Մատչելի հղումներ

Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելություն ԱՄՆ-ի մայրքաղաք Վաշինգտոնում


Միջոցառմանը մասնակցեցին Հայատանի անկախության օրվա կապակցությամբ իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուղղեցին 200-ից ավելի հյուրեր

Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունում հոկտեմբերի 3-ին անցկացվել է պաշտոնական ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 22-ամյա տարեդարձին:

«Միջոցառմանը մասնակցել և ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին և դեսպանության անձնակազմին անկախության օրվա կապակցությամբ իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն են ուղղել 200-ից ավելի հյուրեր: Նրանք բարձր են գնահատել անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումները, իրենց երկրների հետ անկախ Հայաստանի բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հետ այս տարիներին հաստատված ջերմ հարաբերությունները», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Միջոցառումը, որին, ըստ հաղորդագրության, ներկա էին ԱՄՆ-ի Սպիտակ տան, Միացյալ Նահանգների արտգործնախարարության, ԱՄՆ-ի այլ գերատեսչությունների բարձրաստիճան այրեր, Վաշինգտոնում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, ամերիկահայ համայնքի անդամներ, անցել է ջերմ բարեկամական մթնոլորտում:
XS
SM
MD
LG