Մատչելի հղումներ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ Մինսկի խմբի համանախագահի նշանակման մասին


Ջեյմս Ուորլիք (արխիվային լուսանկար)
Ջեյմս Ուորլիք (արխիվային լուսանկար)

Ջեյմս Ուորլիքի նշանակմանն անդրադարձել է նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը

«Մենք չենք կարող խորհրդի և առաջնորդության առավել լավ խոսքեր հղել հույժ կարևոր այս պաշտոնը ստանձնող դեսպան Ուորլիքին, քան այն խոսքերը, որոնք Սպիտակ տան պաշտոնը ստանձնելուց ասել է մեր նախագահը, որը հրապարակայնորեն պարտավորություն է ստանձնել Ամերիկայի ժողովրդի նկատմամբ առ այն, որ կաշխատի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև և կայուն լուծման ուղղությամբ՝ հիմք ընդունելով Ամերիկայի հիմնարար հանձնառությունը ժողովրդավարության և ինքնորոշման սկզբունքներին»:

Այսպիսի արձագանք, ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության, ներկայացրել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ջեյմս Ուորվիքի նշանակման կապակցությամբ:

Ուորվիքի Մինսկ խմբի համանախագահի պաշտոնում նշանակման անդրադարձ է կատարել նաև պաշտոնական Բաքուն: Այսպես, Ադրբեջանի մամուլի վկայությամբ, այս երկրի արտգործնախարարության խոսնակ Էմիլ Աբդուլաևը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը կակտիվացնի իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ և այս ուղղությամբ կցուցաբերի առավել վճռական և գործնական մոտեցում:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերին երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ հայտնել էր Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակելու որոշման մասին:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նորանշանակ համանախագահը 2009-ից 2012 թվականներին զբաղեցրել է Բուլղարիայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, մինչ այդ, 2006-ից 2009 թվականներին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարության Միջազգային կազմակերպությունների հարցերով բյուրոյում ԱՄՆ-ի փոխարտգործնախարարի օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնը:

2005-ից 2006 թվականներն ընկած ժամանակաշրջանում Ջոն Ուորլիքն աշխատել է իբրև Եվրոպայում անվտանգության և քաղաքական հարցերով գրասենյակի տնօրեն:

«Նա առաջին կարգի դիվանագետ է, և ես վստահ եմ, որ հսկա աշխատանք կկատարի այդ կարևոր պաշտոնում: ԱՄՆ-ն հավատարիմ է երկու կողմերին օգնելու հարցում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ լուծման հասնելու համար», - իր ուղերձում նշել է ԱՄՆ-ի քաղաքական արտաքին գերատեսչության ղեկավարը:
XS
SM
MD
LG