Մատչելի հղումներ

Լեխ Վալեսա. «Մեր հաղթանակի մեկ երրորդը պատկանում է «Ամերիկայի Ձայն»-ին»


Լեխ Վալեսան զրուցում է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Վիվյեն Շաքարյանի հետ (լուսանկարը՝ «Ամերիկայի Ձայն»/Սերգեյ Մոսկալև)
Լեխ Վալեսան զրուցում է «Ամերիկայի Ձայն»-ի թղթակից Վիվյեն Շաքարյանի հետ (լուսանկարը՝ «Ամերիկայի Ձայն»/Սերգեյ Մոսկալև)

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալեսան ասել է, թե իր կյանքի մասին պատմող վավերագրական կինոնկարից բաց են թողնվել մի շարք շատ կարևոր մանրամասներ

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալեսան ասել է, թե իր կյանքի մասին պատմող վավերագրական կինոնկարից բաց են թողնվել մի շարք շատ կարևոր մանրամասներ:

«Իմ կյանքը հարուստ է իրադարձություններով, որոնք անհնար է տեղավորել երկու ժամվա մեջ», - ասել է Լեխ Վալեսան, որն այցելել էր Վաշինգտոն՝ մասնակցելու համար «Լեխ Վալեսա. հույսի մարդ» վավերագրական կինոնկարի շնորհանդեսին:

«Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում Լեհաստանի նախկին նախագահն ասել է, թե ֆիլմի ռեժիսոր Անջեյ Վայդային հաջողվել է պատկերել իրեն որպես արհմիության առաջնորդ և հասարակ հեղափոխական:

Վալեսան, որը 1980 թվականին հիմնադրել էր Լեհաստանի կոմունիստական վարչակարգը տապալած «Սոլիդարնոստ» ժողովրդավարական շարժումը, հավելել է սակայն, որ ինքը նաև քաղաքական գործիչ է եղել:

Լեհաստանում ժողովրդավարական նախագահ ընտրությունների արդյունքում ընտրված առաջին նախագահ Վալեսան իր խոսքում շեշտել է նաև Սառը պատերազմի տարիներին «Երկաթե վարագույրի» հետևում ապրող մարդկանց տեղեկացված պահելու գործում «Ամերիկայի Ձայն»-ի ունեցած կարևորագույն դերակատարությունը:

«Առանց «Ամերիկայի Ձայն»-ի չէի կարողանա դառնալ այն մարդը, որը ես դարձել եմ: Մեր հաղթանակի մեկ երրորդը պատկանում է «Ամերիկայի Ձայն»-ին», - ասել է Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Վալեսան:
XS
SM
MD
LG