Մատչելի հղումներ

«Կանաչ» հին «բզեզը»


«Կանաչ» հին «բզեզը»
«Կանաչ» հին «բզեզը»

Ամեն տարի ամբողջ աշխարհով մեքենաշինության ոլորտը տարբեր ցուցահանդեսներ է կազմակերպում առավել ժամանակակից մեքենաներ, բեռնատարներ ցուցադրելու համար:

Միացյալ Նահանգներում Չիկագոյի ավտոշոուն երկրի ամենամեծ և առավել երկար ընթացող ցուցահանդեսն է, որտեղ ցուցադրվում են հազարից ավել տեղական և ներմուծված մեքենաներ:

Ավտոշոուները փորձնական դրույթներ ցուցադրելով ապահովում են վաղվա մեքենաների գաղափարը: Այս շոուներին կարելի է տեսնել ներկայիս հիբրիդ և էլեկտրական մեքենաները: Որոշ շոուներում կան նաև երեկվա մեքենաները՝ հնագույն իրեր հավաքողների համար:

ԱՄՆ-ի Կանաչ պատմություններ հաղորդումը եղել է Կանզասի Լոուրենս քաղաքում և հանդիպել Կանզասի համալսարանի մեքենաշինության ֆակուլտետի ուսանողներին, ովքեր հին մեքենան վերածել են ժամանակակից «կանաչ» մեքենայի:

Այս հին ավտոտնակում մեքենաշինության ուսանողների մի խումբ վերակառուցել են 1974 թվականին չգործող «Volswagen» մեքենան և այն վերածել հիբրիդ մեքենայի: «Volswagen»-ն ընդհանուր առմամբ 21,5 միլիոն ավտոմեքենա է արտադրել մինչև 2003 թվականը, երբ վերջնականապես դադարեցրեց այն:

Վերակառուցված մեքենան աշխատում է կենսավառելիքի գեներատորով և էլեկտրական մարտկոցներով, և մեկ գալոնով կարող է ընթանալ մինչև 70 կիլոմետր: Այս հաջող ծրագրով ուսանողները ցուցադրել են, որ հին մեքենաները կարող են լինել նաև շրջակա միջավայրը չաղտոտող:

Ծրագիրը ստեղծել է մեքենաշինության դասախոս Քրիս Դեպչիկը, ով նախկինում աշխատել է Միչիգանի համալսարանում` Դեթրոյթի մեքենաշինության ոլորտում:

«Նպատակս էր սկսել մի ծրագիր, որը կդիտարկեր մեքենայի արդյունավետության բարելավումը` միաժամանակ բարելավելով էներգիայի ենթակառույցը: Հետաքրքրված ուսանողները կապվեցին ինձ հետ, քննարկեցինք մեքենաներ, հավաքեցինք հին անպիտան մեքենաներ, վերամշակեցինք դրանք, և դիտարկեցինք էներգիայի ենթակառույցը կանաչ դարձնելու խնդիրը”:

Կանզասի համալսարանի Տրանսպորտի ուսումնասիրության ինստիտուտը և Ավիատիեզերքի բաժինն աջակցեցին այս էկո-փոխակերպմանը:

«Մենք վերցրինք համալսարանի տարածքի չօգտագործվող ավտոտնակը, թարմացրինք այնպես, որ լինի մեկուսացված, կառուցեցինք մեր սեփական լցակայանը, շարունակաբար նորոգելով մեքենաներ և փորձարկելով նոր տեխնոլոգիաներ այդ մեքենաների վրա»:

Այժմ արդեն շրջանավարտ Ջեսիկա Լամը բնապահպանական գիտակցությամբ ճարտարագիտության ուսանողներից էր, ովքեր իրենց էկո-բազեներ են կոչում: Նա հավատացած է, որ «Volswagen»-ի «վերածնված» տարբերակը ամենալավ հիբրիդը կարող է լինել:

«Այս ծրագիրը կանաչ է ոչ միայն տեխնոլոգիական նախագծման, այլ նաև կայունության հինգ հիմնական սկզբունքների առումով, որոնք են էներգիա, կրթություն, շրջակա միջավայր և տնտեսություն: Նախագծման ժամանակ մենք իսկապես դիտարկել ենք այս բոլոր հինգը և փորձել հավասարակշռել դրանք և գալ հնարավոր առավելագույն լավ լուծման, ուստի տեխնիկական առումով այն իսկապես կանաչ է: Սա ուսանողներին ստիպում է ճիշտ մտածել, կանաչ մեքենաների դեպքում հասկանալ էլեկտրական շարժիչները, մարտկոցները: Մեքենայի տվյալներն ուսումնասիրելով կհասկանան` ինչպես էլեկտրակայանները դարձնել ավելի արդյունավետ: Այս մեքենաները ճանապարհին տեսնելով, դրանք քաղաքում վարելով մարդիկ կհասկանան, որ դրանք արդեն գոյություն ունեն և կա հնարավորություն մեքենայի արդյունավետությունը բարձրացնելու համար»:

Էկո-բազեներն էլեկտրական շարժիչը սնուցելու համար 10 արճիճաթթվային մարտկոցներ են տեղադրվել: Մեքենան ունի նաև կենսավառելիքով գործող փոքրիկ գեներատոր, որը սնուցում է մարտկոցները: Գեներատորն աշխատում է 100 տոկոսանոց կենսավառելիքով, որը ստացվում է համալսարանի խոհանոցում օգտագործվող ձեթերից:

«Անիվները նվիրաբերել է Յոկոհաման, իրականում դրանք պատրաստված են նարնջի կեղևից: Մենք շարժիչը հարմարեցրինք 5 կիլովատտ կենսավառելիքի գեներատորին, նորոգեցինք նստարանները այն ավելի անվտանգ և արդյունավետ դարձնելու համար»:

Վերակառուցելով և վերաիմաստավորելով հին «Volswagen»-ը, ուսանողները կանխեցին մեքենայի մնացած կյանքում 3-12 տոննա ածխաթթվի երկօքսիդի արտանետում: Դեպչիկը շեշտում է, որ մեքենայի վերամշակումը և փոխակերպումը զրոյից նոր էլեկտրական մեքենաներ կառուցելուն հնարավոր այլընտրանք է:

Կանզասի համալսարանի մեքենաշինության բաժնի երկարաժամկետ նպատակն է ստեղծել մեքենա, որը կընթանա երկրում ամենուր մատչելի արդյունավետ վառելիքով` կլինի դա էլեկտրական, էթանոլ, թե կենսավառելիք:

Չնայած մեքենաշինության ոլորտը կենտրոնացած է ապագայի մեքենաներ նախագծելու և կառուցելու վրա, Էկո-բազեների խումբը ցուցադրում է, որ նույնիսկ շատ հին մեքենան կարելի է թարմացնել ամենավերջին տեխնոլոգիայով:

XS
SM
MD
LG