Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում մեկնարկել են 2012 թվականի նախնական առաջին ընտրությունները


ԱՄՆ-ի Նյու Հեմփշիր նահանգում անցկացվող հանրապետական կուսակցության նախնական ընտրությոններին մասնակցող թեկնածուները

Միացյալ Նահանգների Նյու Հեմփշիր նահանգի քվեարկողները մեկնարկել են քվեարկությունները 2012 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի նախնական առաջին ընտրություններում:

Կանադայի սահմանի մոտակայքում գտնվող Դիքսվիլ Նոթչ փոքր քաղաքում հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով կեսգիշերից հետո: Այս քաղաքից ստացված տվյալների համաձայն, Մասաչուսեթսի նահանգապետ Միթ Ռոմինին և Չինաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հանթսմանը յուրաքանչուրը ստացել են երկուական ձայն՝ քվեարկողների տված ինը ձայնից:

Միթ Ռոմնին, երեքշաբթի օրը մեկնարկած նախնական ընտրություններին ընդառաջ անցկացված հասարակական կարծիքի հարցումների արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը, սակայն իր հիմնական մրցակիցները երկուշաբթի օրն անցկացված «վերջին պահի» ընտրարշավում ուժեղացրել են Ռոմնիի հասցեին հնչող քննադատությունը:

Ռոմնիի դեմ ուղղված քննադատությունը հիմնականում կենտրոնացած է եղել ներդրումային մասնավոր ընկերությունում Մասաչուսեթսի նահանգապետի աշխատանքային գործունեության վրա, որի ընթացքում վերջինս միլիոնավոր դոլար կազմող գումարներ է վաստակել: Շատերն ասում են, որ Ռոմնիի ներդրումային ընկերությունը, այլ ընկերություններ ձեռք բերելուց հետո, աշխատանքից ազատել է հարյուրավոր մարդկանց՝ միաժամանակ մեծ եկամուտ ապահովելով ներդրողների համար:

Նյու Հեմփշիրում այսօր անցկացվող նախնական ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցնելու հույս է պահպանում ԱՄՆ-ի նախկին սենատոր Ռիկ Սանտորումը, որն անցյալ շաբաթ Այովա նահանգում անցկացված ժողովների ընթացքում ընդամենը ութ ձայնի տարբերությամբ զիջել է Ռոմնիին:

Հասարակական կարծիքի վերջին հարցումները սակայն վկայում են այն մասին, որ երկրորդ տեղը կարող է զբաղեցնել Տեխասի կոնգրեսական Ռոն Փոլը:

Հանթսմանից բացի, հանրապետական կուսակցության կողմից նախագահական թեկնածու նշանակվելու հիմնական թեկնածուներից են Տեխասի նահանգապետ Ռիք Փերին ու ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը:

Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուները փորձում են ապացուցել, թե որքան պահպանողական դիրք են զբաղեցնում իրենք՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համեմատությամբ:

Քաղաքական վերլուծաբաններից շատերի կարծիքով, Հարավային Կարոլինա նահանգում հաջորդ շաբաթ կայանալիք նախնական ընտրություններում արդեն պարզ կդառնա, թե արդյոք չափավոր հայացքների կողմնակից Ռոմնիին կհաջողվի ձեռք բերել պահպանողական քվեարկողների աջակցությունը:

XS
SM
MD
LG