«Ֆոլքսվագեն» գերմանական ավտոարտադրող ընկերությունը կարող է այս տարի առաջին անգամ դառնալ աշխարհի ամենամեծ ավտոարտադրողը՝ անցնելով «Տոյոտա» և «Ջեներալ Մոթորս» հանրահայտ ընկերություններից առաջ:
Ավտոմոբիլային ոլորտի վերլուծաբանների համաձայն, նման կանխատեսումների հիմքում ընկած են «Ֆոլքսվագեն» գերմանական ընկերության չդադարող աճը և Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով «Տոյոտա» ավտոարտադրող ընկերության արտադրության ծավալների կրճատումը:
Վերլուծաբանների վկայությամբ, Չինաստանում «Ֆոլքսվագեն» ընկերության կողմից արտադրված մեքենաների վաճառքն ավելացել է գրեթե 20 տոկոսով:
«Բլումբերգ նյուզ» լրատվական գործակալության համաձայն, Հնդկաստանում գերմանական ավտոարտադրող այս ընկերության վաճառքները գրեթե կրկնապատկվել են:
Ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ուսումնասիրող մասնագետների համոզմամբ, «Տոյոտա» ընկերությունը, հաղթահարելով արտադրության ծավալների վրա ազդեցություն գործող մատակարարումների խնդիրները, 2012 թվականին կվերադարձնի աշխարհի ամենախոշոր ավտոարտադրողի կոչումը: