Մատչելի հղումներ

Նախագահ Օբաման շնորհավորել է «Ամերիկայի Ձայն»-ի 70-րդ տարեդարձը


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շնորհավորական ուղերձ է հղել «Ամերիկայի Ձայն»-ին՝ կազմակերպության 70-ամյա տարեդարձի կապակցությամբ:

Նախագահ Օբաման գնահատել է «Ամերիկայի Ձայն»-ի կողմից ճշգրիտ և անկողմնակալ լուրերի հրապարակման ուղղությամբ տարվող աշխատանքը: Իր տեսաուղերձում նախագահն ասել է, որ «Ամերիկայի Ձայն»-ի աշխատանքը նպաստել է Միացյալ Նահանգների հզորացման և աշխարհում արդարության մակարդակի բարձրացման:

70-րդ տարեդարձի կապակցությամբ «Ամերիկայի Ձայն»-ին շնորհավորել են բազմաթիվ քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ, որոնց թվում են ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը, Բիրմայի ժողովրդավարական շարժման առաջնորդ Աունգ Սան Սու Չժին և Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման:

«Ամերիկայի Ձայն»-ը ստեղծվել է Միացյալ Նահանգների կառավարության կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի տարածքում լուրեր տարածելու նպատակով՝ հետագայում վերածվելով աշխարհի ավելի քան 40 լեզվով և շաբաթական մոտ 140 միլիոն լսարան ունեցող գլոբալ մուլտիմեդիա կազմակերպության:

Կազմակերպության առաջին հաղորդումը եթեր է արձակվել կարճ ալիքներով՝ գերմաներեն լեզվով արտասանված «Խոսում է Ամերիկայի ձայնը» բառերով:

«Լուրերը կարող են լինել բարի, լուրերը կարող են լինել վատ. մենք պարտավոր ենք հայտնել ճշմարտությունը», - խոստացել է «Ամերիկայի Ձայն»-ը:

XS
SM
MD
LG