Մատչելի հղումներ

Իրանում խոչընդոտել են փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը


Նեդա Աղա-Սոլթանը սպանվել էր Իրանի անվտանգության ուժերի կողմից Թեհրանում հակակառավարական ցույցերից մեկի ժամանակ:

"Ամերիկայի Ձայն"-ի պարսկական ծառայության հաղորդմամբ` Իրանի կառավարությունը փորձել է խանգարել անցյալ տարի Իրանի հետընտրական ցույցերի ժամանակ սպանված 27-ամյա Նեդա Աղա-Սոլթանի մասին պատմող փաստագրական ֆիլմի հեռարձակումը:
Իրանական լրատվական գործակալությունը բազմաթիվ բողոքներ է ստացել այն մասին, որ եթերի ազդանշանը անհետացել է, երբ սկսվել է Նեդա Աղա-Սոլթանի մասին ֆիլմի ցուցադրումը: Իրանի տարբեր շրջաններից հեռուստադիտողները հայտնել են, որ ֆիլմի ցուցադրման ժամանակ դադարել է էլեկտրամատակարարումը:

Այնուամենայնիվ, ֆիլմը հնարավոր է դիտել ինտերնետում. այն ներբեռնվել է արդեն տասնյակ հազարավոր անգամ: "Ամերիկայի Ձայն"-ը ֆիլմը կրկին կհեռարձակի հունիսի 12-ին` Իրանի վիճահարույց նախագահական ընտրությունների տարելիցին, և հունիսի 20-ին` Նեդա Աղա-Սոլթանի մահվան տարելիցի օրը:

Նեդա Աղա-Սոլթանը Թեհրանում հակակառավարական ցույցերից մեկի ժամանակ սպանվել էր Իրանի անվտանգության ուժերի կողմից: Նրա մահվան պահը բջջային հեռախոսով նկարահանած պատկերները և տեսաերիզները ցուցադրվել են ամբողջ աշխարհում: Նրա անունը դարձել է Իրանում բարեփոխումների համար մղվող պայքարի խորհրդանիշ:

Փաստավավերագրական այս ֆիլմը նկարահանել է HBO ամերիկյան կաբելային հեռուստաընկերությունը և այն հեռարձակելու իրավունքը տվել "Ամերիկայի Ձայն"-ի պարսկական ծառայությանը:

Ընդդիմադիրները պնդում են, որ անցյալ տարի նախագահական ընտրություններում Մահմուդ Ահմադինեջադի հաղթանակը կեղծված էր:

Տասնյակ մարդիկ էին սպանվել և հարյուրավոր այլոք բանտարկվել հետընտրական ցույցերի ժամանակ:

XS
SM
MD
LG