Մատչելի հղումներ

Վիլնյուսում հանդիպել են նախագահներ Սարգսյանն ու Օլանդը


Հայաստանի նախագահը Վիլնյուսում երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ է ունեցել

Աշխատանքային այցով Լիտվայիում գտնվող Հայաստանի նածագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վիլնյուս այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:

Հանդիպման ընթացքում Սարգսյանն ու Օլանդը գոհունակությամբ են խոսել հայ-ֆրանսիական քաղաքական բարձր մակարդակի երկխոսության մասին, ընդգծելով, որ բարեկամ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանն զգալիորեն նպաստում են հաճախակի փոխայցելությունները, փոխշահավետ տարբեր ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և միջազգային հարթակներում:

«Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կարևորել են նաև ակտիվորեն զարգացող ապակենտրոնացված համագործակցությունը, երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումները: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենի արդյունքում հաջողությամբ զարգանում են հայ-ֆրանսիական առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի մասին է վկայում այն փաստը, որ Հայաստանում ներդրումների ծավալով Ֆրանսիան ԵՄ-ի երկրների շարքում առաջատար դիրք է զբաղեցնում», - ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները համակարծիք են եղել, որ այդուհանդերձ, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու ապրանքաշրջանառության ծավալների մեծացման զգալի ներուժ գոյություն ունի, որի ուղղությամբ անհրաժեշտ է երկուստեք նպատակաուղղված աշխատանք իրականացնել:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Հայաստանի նախագահը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում հանդիպում է ունեցել նաև Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյի հետ, որի ընթացքում քննարկվել են հայ-իսպանական հարաբերությունների օրակարգին և երկկողմ համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին վերաբերող հարցեր:

Իսպանիայի վարչապետն ու Հայաստանի նախագահը կարևորել են տարբեր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը, համագործակցությունը բազմակողմ ձևաչափում՝ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակներում:

Նույն օրը Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵՄ-ի եվրոպական տնտեսական և սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ, որը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ:
XS
SM
MD
LG