Հայաստանում մայիսի 9-ին նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը, որի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն է հղել նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սարգսյանն ասել է. «Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջև զարգացման նոր դռներ բացեց: Դա պատմական հնարավորություն էր, որի շնորհիվ մեր հանրապետությունն ու ժողովուրդը հետագա տարիներին ու տասնամյակներին արձանագրեցին լուրջ ձեռքբերումներ գրեթե բոլոր ասպարեզներում»:
«Մեր ողջ ժողովուրդն այդ հաղթանակում իր նպաստը բերեց մեծագույն զոհողությունների գնով» - նշել է Հայաստանի նախագահը:
«1992 թվականի մայիսի 9-ին իրենց հերոս պապերի ու հայրերի սխրանքը կրկնեցին մերօրյա ազատամարտիկները` բազմապատկելով հայոց զենքի փառքն ու պատիվը: Շուշիի ազատագրմամբ վերստին նոր դռներ բացվեցին մեր ժողովրդի խաղաղ աշխատանքի, արարման ու շենացման համար: Այս հաղթանակը նույնպես մեր ողջ ժողովուրդը նվաճեց մեծագույն զոհողությունների գնով», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:
«Հայաստանը, հավերժ հայկական Արցախը և ողջ հայությունը լի են վճռականությամբ՝ պաշտպանելու իրենց խաղաղությունն ու առաջընթացը» - եզրափակելով իր տոնական ուղերձը՝ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: