Մատչելի հղումներ

Քաղաքական ապաստան Սնոուդենին՝ Վենեսուելայի և Նիկարագուայի կողմից


Վենեսուելայի նախագահի կողմից Սնոուդենին իր երկրում «մարդասիրական ապաստան» տրամադրելու կայացված որոշման հիմքում ընկած է վերջինիս «Միացյալ Նահանգների կողմից իրականացվող հետապնդումներից» պաշտպանելու ցանկությունը

Լատինաամերիկյան երկու պետություն քաղաքական ապաստան են առաջարկել ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների պայմանագրային նախկին աշխատող Էդվարդ Սնոուդենին, որի նկատմամբ հետախուզություն է հայտարարել Միացյալ Նահանգները՝ կառավարության կողմից իրականացվող հետախուզական գաղտնի ծրագրի մասին տեղեկությունների արտահոսք իրականացնելու համար:

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ուրբաթ օրն ասել է, թե որոշում է կայացրել Սնոուդենին իր երկրում տրամադրել «մարդասիրական ապաստան»՝ պաշտպանելու համար նրան «Միացյալ Նահանգների կողմից իրականացվող հետապնդումներից»:

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան իր հերթին ուրբաթ օրն ասել է, թե Սնոուդենին կտրամադրի քաղաքական ապաստան «այն դեպքում, եթե հանգամանքները հնարավոր դարձնեն այն»:

Պարզ չէ սակայն, թե ինչպես է Սնոուդենը, որը, ըստ հաղորդագրությունների, գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցման գոտում, բարձրանալու այս երկու պետություններից որևէ մեկն ուղևորվող օդանավ, քանի որ ներկայում նա չունի տեղաշարժման համար հարկավոր որևէ փաստաթուղթ:

Սնոուդենը քաղաքական ապաստան տրամադրելու դիմում է ներկայացրել մեկ տասնյակից ավելի երկիր: Այս շաբաթվա սկզբին ինքը հետ է վերցրել Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու մասին իր ներկայացրած դիմումն այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե Սնոուդենը կարող է մնալ Ռուսաստանում միայն այն դեպքում, եթե դադարեցնի ԱՄՆ-ի հետախուզական ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների արտահոսքը:
XS
SM
MD
LG