Մատչելի հղումներ

Աֆղանստանում որոնում են ամերիկացի զինվորականներին սպանած ահաբեկչին


Աֆղանստանում որոնում են երկրի անվտանգության ծառայության այն աշխատակցին, որն ըստ կասկածների, կրում է ամերիկացի երկու զինվորականների սպանության պատասխանատվությունը։

Սպանությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, Քաբուլում, ներքին գործերի նախարարությունում։ Կրակն արձակվել է շատ մոտ հեռավորությունից։
Պաշտոնատար անձանց խոսքերով, հարձակումն իրականացնողն անվտանգության ուժերում ծառայող 25-ամյա ոմն Աբդուլ Սաբուրն է, որն իր ուսումն առել է Պակիստանում։


Ամերիկյան ուժերի փոխգնդապետի եւ մայորի սպանություններն իրականացվել են այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի ուժերում Ղուրանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի պատճառով Աֆղանստանում ու հարեւան Պակիստանում արդեն 5-րդ օրն է, շարունակվում են բողոքի ցույցերն ու բռնությունները։ Տեղից ստացվող հաղորդագրությունների համաձայն, այս ընթացքում ոստիկանության հետ բախումների արդյունքում սպանվել են տասնյակ ցուցարարներ։

Ամերիկացի երկու սպաների սպանությունից հետո, հետ են կանչվել Աֆղանստանի պետական հաստատություններում աշխատող միջազգային կառույցների բոլոր աշխատակիցները։

Նախարարությունում իրականացված գրոհի պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թալիբանը։

Երկրի նախագահ Համիդ Քարզայը կիրակի օրը նորից հանդես է եկել զսպվածություն ցուցաբերելու կոչով։
Սակայն նրա ուղերձի հրապարակումից հետո էլ բռնությունները դադար չեն առնում։ Քունդուզի գավառում գտնվող ամերիկյան հենակետի վրա նետված նռնակին զոհ է գնացել մի ցուցարար, մարմնական վնասվածքներ ստացել՝ ամերիկյան ուժերի 7 զինծառայող։

XS
SM
MD
LG