Մատչելի հղումներ

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը բարձր է գնահատել Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հանդիպման արդյունքները


Հեյֆերն. «Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի այս հանդիպումն ամենամեծ առաջընթաց արձանագրած հանդիպումն էր»

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում նոյեմբերի 21-ից 23-ն անցկացվել են ԱՄՆ-Հայաստան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները:
Ամենամյա երկկողմ հանդիպումները սովորաբար համընկնում են հոկտեմբերի սկզբին Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հավաքին, սակայն այս տարվա հոկտեմբեր ամսվա առաջին երկու շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի կառավարության փակված լինելու հետևանքով հանդիպումը հետաձգվել էր մոտ մեկ ամսով:

Աշխատանքային խմբի ամերիկյան կողմի ղեկավար, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխարտգործնախարար Էրիկ Ռուբինը աշխատանքային եռօրյայի վերջում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր այն հիմնական ոլորտները, որտեղ առաջիկայում համագործակցության ակտիվացում է նախատեսվում: Ըստ Ռուբինի, այս ոլորտներից են էներգետիկան, մուտքի արտոնագրերի, քաղաքացիական ավիացիայի, ջրային ռեսուրսների կառավարման և հարկային բարեփոխումների ոլորտները:

Համատեղ աշխատանքային խմբի Հայաստանյան պատվիրակությունը գլխավորած ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում արդյունավետ է գնահատել խմբի աշխատանքները:

«Հայաստանի Հանրապետություն ողջունում է երկրի էներգետիկայի ոլորտում կատարվելիք 180 միլիոն դոլարի ներդրումը» - ասել է Հայաստանի ֆինանսների նախարարը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի խոսքերով, իր պաշտոնավարման ընթացքում, սա հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի ամենամեծ առաջընթաց արձանագրած հանդիպումն էր:

«Հայաստանի էներգետիկայի ոլորտում ԱՄՆ-ից առաջին անգամ, իսկ որպես մասնավոր ներդրում ծավալներով ամենամեծը՝ 180 միլիոն դոլարի ներդրումը, Հայաստանի հարավում մեծ նվաճում եմ համարում և հուսով եմ, որ «Contur Global» ամերիկյան ընկերության ներդրումային ծրագիրը կմեկնարկի կարճ ժամկետներում», - ասել է դեսպան Հեֆերնը:

Այս ամիս հայտնի է դարձել, որ Հայաստանը կրկին կարող է դիմել Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամին՝ երկրորդ դրամաշնորհ ստանալու նպատակով:

Արձագանքելով «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության թղթակցի այն հարցին, թե ինչ ժամկետներում հնարավոր կլինի դիմել նոր ծրագրի, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը պատասխանել է, որ այս տարվա դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել հիմնադրամի խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու են 14 այլ երկրների դիմումները:

«Ցավոք, փոքր է հավանականությունը, որ Հայաստանի շուրջ քննարկումը կմտնի օրակարգ», - նշել է դեսպան Հեֆերնը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն այնուամենայնիվ վստահություն է հայտնել, որ Հայաստանը լրացուցիչ առաջընթաց կարձանագրի «Հազարամյակի մարտահրավերներ»-ի սահմանած քաղաքական չափորոշիչով, քանի որ կհրապարակվեն 2013 թվականի նախագահական ընտրությունների միջազգային գնահատականները, ինչը, դեսպանի համոզմամբ, է՛լ ավելի կմեծացնի ծրագրին մասնակցելու Հայաստանի հնարավորությունները:
XS
SM
MD
LG