Մատչելի հղումներ

Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի 22-րդ նիստը նոյեմբերի 22-ին կայացել է Վաշինգտոնում


Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին, որը նպատակ է հետապնդում հաստատելու առանց մուտքի արտոնագրի վիզայի ռեժիմ` Միացյալ Նահանգների քաղաքացիների, և տասը տարվա բազմակի մուտքի վիզայի ռեժիմ՝ Հայաստանի քաղաքացիների համար

ԱՄՆ-ի արտգործնախարարությունում նոյեմբերի 22-ին կայացել է Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի 22-րդ նիստը, որի ընթացքում արտգործնախարարությունում ընդունել են Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, այդ թվում՝ Հայաստանի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանին և Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանին:

Երկու կողմերը քննարկել են տնտեսական հարաբերությունները խորացման, առևտրի և ներդրումների զարգացման և շուկայական բարեփոխումներն առաջ մղելու մեխանիզնմները:

«Հայաստանն ու Միացյալ Նահանգները ողջունել են ամերիկյան «Contour Global» ընկերության կողմից Հայաստանի հիդրոէներգետիկայի ոլորտում 180 միլիոն դոլար չափով ներդրումը: Այս ներդրումը, որը մասամբ կֆինանսավորվի ԱՄՆ-ի «Արտերկրում մասնավոր ներդրումների կորպորացիա»-ի կողմից, ներկայացնում է Հայաստանի պատմության մեջ ԱՄՆ-ի կողմից երբևէ կատարված ամենախոշոր ներդրումը և ամերիկյան առաջին ներդրումը Հայաստանի էներգետիկայի կարևորագույն ճյուղում», - ասված է ԱՄՆ-ի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

Քննարկման ընթացքում, ըստ հաղորդագրության, կողմերն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին, որը նպատակ է հետապնդում հաստատելու առանց մուտքի արտոնագրի վիզայի ռեժիմ` Միացյալ Նահանգների քաղաքացիների, և տասը տարվա բազմակի մուտքի վիզայի ռեժիմ՝ Հայաստանի քաղաքացիների համար, ինչի արդյունքում կզարգանան երկկողմանի առևտրային հարաբերություններն ու ներդրումները:
Միացյալ Նահանգները, բացի այդ, քաջալերել է Հայաստանին իրականացնել քաղաքացիական ավիացիայի ոլորտի ազատականացմանն ուղղված բարեփոխումներ:

ԱՄՆ-ի արտգործնախարարության համաձայն, Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի 22-րդ նիստի ընթացքում ամերիկյան կողմը ընդգծել է նաև այն հանգամանքը, որը Հայաստանն ընտրվել է որպես ԱՄՆ-ի ՄԶԳ-ի գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և գործընկերության նախաձեռնության նպատակային 20 երկրներից մեկը: Այս նախաձեռնության միջոցով, ըստ արտգործնախարարության, երկու պետությունները համաձայնություն են ձեռք բերել իրականացնելու աշխատանքներ մաքուր էներգետիկայի և ջրային ռեսուրսների ոլորտում:

Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խումբն ամենամյա երկկողմանի հանդիպում է, որն առաջ է քաշում Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտուրն ու ներդրումները:

Հանիդպման ընթացքում Միացյալ Նահանգները, ըստ ԱՄՆ-ի արտգործնախարարության հաղորդագրության, ներկայացրել են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխարտգործնախարար Էրիկ Ռուբինը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության փոխտնօրեն Փեյջ Ալեքսանդրը և Եվրոպական աջակցության համակարգող Դենիել Ռոզենբլումը:

Հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն ու ԱՄՆ-ի ՄԶԳ-ի երևանյան գրասենյակի տնօրեն Քերին Հիլիարդը:
XS
SM
MD
LG