Մատչելի հղումներ

Բացվել է Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիան


ՀԱՃԼ-ը ուսանողներին կտրամադրի տեխնիկական ուսուցում և հետազոտական հնարավորություններ, ներառյալ բարձրորակ դասախոսական կազմ և ժամանակակից ուսումնական ծրագրեր` նրանց ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու համար

«ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը, Հայաստանի նախագահի գրասենյակը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը և գործընկերները հայտնեցին նորաստեղծ «Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիայի» (ՀԱՃԼ) բացման մասին: Ծրագրի նպատակն է՝ անդրադառնալ ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում ուսուցում անցած որակյալ մասնագետների պակասին և պահանջարկին: ՀԱՃԼ-ը նաև կամրապնդի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրթական կարողությունները և հետազոտական ներուժը` լաբորատոր սարքավորումների և դասավանդման հմտությունների արդիականացման և ընդարձակման միջոցով»:

Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ, որտեղ նշված է, որ լաբորատորիայի բացման արարողությունը հաջորդում է 2012 թվականի մայիսին կայացած Հայատանի կրթության և գիտության նախարարության, ԱՄՆ-ի ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանի ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) միջև Փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը:

«Այս գործընկերության շնորհիվ ստեղծվել են ժամանակակից ուսումնական և հետազոտական լաբորատորիաներ` հագեցած առաջատար ընկերությունների ճարտարագիտական սարքավորումներով և ծրագրային ապահովմամբ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության, ՀԱՃԼ-ը ուսանողներին կտրամադրի տեխնիկական ուսուցում և հետազոտական հնարավորություններ, ներառյալ բարձրորակ դասախոսական կազմ և ժամանակակից ուսումնական ծրագրեր` նրանց ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու համար: Ռեսուրսները հասանելի կլինեն բոլոր հետաքրքրված կողմերի համար՝ գիտահետազոտական ինստիտուտներին և այլ համալսարաններին:

«Այս մասնավոր-պետական գործընկերության շրջանակում ԱՄՆ-ի ՄԶԳ-ի ներդրումը ներառում է սարքավորումներ, համակարգչային ծրագրեր և տեխնիկական օժանդակություն, իսկ Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն օժանդակել է ՀՊՃՀ-ում լաբորատորիայի տարածքի վերանորոգմանը: «National Instruments» ընկերությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և ՀՊՃՀ-ն այս եռամյա ծրագրի իրականացման հիմնական գործընկերներն են՝ ներառյալ սկզբնական հիմնադրումը, կառավարումը, վերահսկումը, համաֆինանսավորումը և վերապատրաստումը», - ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG