Մատչելի հղումներ

ԱՄՆ ՄԶԳ-ը և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը երկու դրամաշնորհ են ստորագրել


Այս երկու դրամաշնորհները 2013 թվականի սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի կառավարության միջև ստորագրված Առողջապահական և սոցիալական բարեփոխումների օժանդակության ծրագրի մաս են կազմում

ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը և Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը դեկտեմբերի 20-ին երկու դրամաշնորհային համաձայնագիր են ստորագրել, որոնք կաջակցեն երկրի ընթացիկ կենսաթոշակային համակարգի վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և սոցիալական ծառայությունների որակի բարելավմանը:

Ստորագրման արարողությանը, ըստ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության, ներկա են գտնվել Հայաստանի կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի ներկայացուցիչները:

«Առաջին ծրագրի նպատակն է շարունակել ԱՄՆ ՄԶԳ-ի աշխատանքները` ուղղված Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքների կարողությունների բարելավմանը, ինչպես նաև իրականացնել ֆինանսական գրագիտության ծրագրեր կառավարության կողմից ֆինանսավորվող «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի միջոցով», - ասված է հաղորդագրության մեջ:

Երկրորդ համաձայնագրով, ըստ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրության, ԱՄՆ ՄԶԳ-ը կշարունակի նախարարությանը սատարել Հայաստանի բնակչությանը տրամադրվող սոցիալական ծառայությունների որակի ու արդյունավետության բարելավման գործում:

«Ծրագիրը կօժանդակի Հայաստանի կառավարության նախաձեռնած Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի (ԻՍԾՀ) ներմուծմանը և կանդրադառնա ներմուծման փուլում հիմնական մարտահրավերներին», - ասված է հաղորդագրության մեջ, որի համաձայն այս երկու դրամաշնորհները 2013 թվականի սեպտեմբերին ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի կառավարության միջև ստորագրված Առողջապահական և սոցիալական բարեփոխումների օժանդակության ծրագրի մաս են կազմում:
XS
SM
MD
LG