Մատչելի հղումներ

Հանրապետական թեկնածուն հաղթել է Նյու Ջերսիում, դեմոկրատը՝ Վիրջինիայում


Վիրջինիայի նահանգապետի պաշտոնում պահպանողական հայացքների հարող Քուչինելիի չընտրվելը համարվում է «Թեյախմության շարժման» խոշոր պարտություն

Նյու Ջերսի նահանգի ներկա նահանգապետ, չափավոր հայացքների հարող հանրապետական Քրիս Քրիստին հեշտությամբ հաղթանակ է տարել ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում, իսկ երկրի Վիրջինիա նահանգում «Թեյախմության շարժման» շրջանում մեծ ճանաչում վայելող հանրապետական պահպանողական թեկնածուն պարտություն է կրել նախօրեին անցկացված նահանգապետի ընտրություններում:

Նյու Ջերսիի նահանգապետի նախընտրական շտաբի ղեկավար Ուիլիամ Պալաթուչիի համաձայն, նահանգապետի հաղթանակը կարող է ոգեշնչել նրան իր թեկնածությունն ազգային մակարդակ տեղափոխելուն:

«Նահանգապետի համոզիչ հաղթանակը նաև ազդանշան է ամբողջ երկրի համար, այն է՝ շատ կարևոր է, թե ում եք ընտրում, և թե ինչպես են կառավարում ընտրված անձինք», - ասել է Քրիս Քրիստիի նախընտրական շտաբի ղեկավարը:

Վիրջինիա նահանգում հաղթանակ է տարել Դեմոկրատական ազգային կոմիտեի նախկին նախագահ Թերի ՄըքՕլիֆը, որի թեկնածության հաղթանակի համար վճռական դեր է ունեցել Միացյալ Նահանգների կառավարության գործունեության մասնակի դադարեցման հետևանքներն ամենածանր տարած՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի խիտ բնակեցված արվարձանների բնակչության աջակցությունը:

ՄըքՕլիֆը հաղթանակ է տարել Վիրջինիա նահանգի գլխավոր դատախազ Քեն Քուչինելիի նկատմամբ, որի թեկնածությունը շատերի կողմից դիտվում էր որպես հանրապետական կուսակցության մաս կազմող «Թեյախմության շարժման» խորհրդանիշ:

Վիրջինիայի նահանգապետի պաշտոնում պահպանողական հայացքների հարող Քուչինելիի չընտրվելը համարվում է «Թեյախմության շարժման» խոշոր պարտություն: Ընտրողներից շատերը «Թեյախմության շարժումը» մեղադրում են Միացյալ Նահանգների կառավարության գործունեության 16-օրյա դադարեցման մեջ, որը, ըստ տնտեսագետների գնահատականի, 24 միլիարդ դոլարի վնաս է հասցրել երկրի տնտեսությանը:

Նյու Յորքում քաղաքապետի ընտրություններում հանրապետական թեկնածու Ջոսեֆ Լհոթայի նկատմամբ համոզիչ հաղթական է տարել դեմոկրատ Բիլ դե Բլասիոն:

Դեմոկրատական կուսակցության թեկնածուն հաղթանակ է տարել նաև Բոստոնում անցկացված քաղաքապետի ընտրություններում:

ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, նախագահ Բարաք Օբաման զանգահարել է ՄըքՕլիֆինի, դե Բլասիոյին և Բոստոնի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարած Մարտին Ուոլշին՝ շնորհավորելու նրանց տարած հաղթանակի կապակցությամբ:
XS
SM
MD
LG