Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի Սպիտակ տունն անհանգստություն է արտահայտել Ուկրաինայում շարունակվող բռնություններով


«Այս միջադեպը կարող է նշանակել, որ անջատողականների համար ներկայում, ինչպես նաև նախկինում, հասանելի է արտերկրից առաքվող լուրջ սպառազինությունն ու այլ տեսակի օգնությունը». ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար

«Միացյալ Նահանգներն անհանգստացած է Ուկրաինայի արևելքում ռուսաստանամետ զինյալների կողմից զինված ուժերի ռազմական ուղղաթիռներից մեկի տապալման մասին հաղորդագրություններով, ինչի հետևանքով զոհվել է 14 մարդ: Այս միջադեպը կարող է նշանակել, որ անջատողականների համար ներկայում, ինչպես նաև նախկինում, հասանելի է արտերկրից առաքվող լուրջ սպառազինությունն ու այլ տեսակի օգնությունը»:

Այս մասին ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարինին, որի համաձայն Միացյալ Նահանգների անհանգստությունն է առաջացնում նաև Սլավյանսկում ԵԱՀԿ-ի մի խումբ դիտորդների շարունակվող ձերբակալությունը:

«Դիտորդների նկատմամբ նման վերաբերմունքն անընդունելի է: Նրանք պետք է անմիջապես ազատ արձակվեն: Հորդորում ենք Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը դիտորդներին ազատ արձակելու, ինչպես նաև անջատողականներին զինաթափելու և երկրի քաղաքական գործընթացում մասնակցել սկսելու գործում: Քաղաքական գործընթացում Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրությունների ժամանակից մասնակցում է երկրի բնակչության մեծ մասը: Այս գործընթացը պետք է շարունակվի ոչ միայն ընտրատուփերի մոտ, որպեսզի երկիրը կարողանա շարժվել առաջ, կայունացնի տնտեսությունը և ապահովի Ուկրաինայի ժողովրդի ապագան», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

«Միացյալ Նահանգները շարունակելու է համագործակցել Ուկրաինայի ժողովրդի և երկրի նորընտիր նախագահի հետ», - շեշտել է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղարը: - «Մենք հարգում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, քննադատում և մերժում ենք Ռուսաստանի կողմից Ղրիմի օկուպացումն ու բռնակցման փորձերը: Մեր գործընկերների հետ միասին հավատարիմ ենք մնում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն»:
XS
SM
MD
LG