Մատչելի հղումներ

Սպիտակ տունը հաստատել է ԿՀՎ-ի տնօրենի Կիև կատարված այցելությունը


ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրեննան (արխիվային լուսանկար)

Միացյալ Նահանգների վարչակազմն այսպիսով խախտել է հետախուզական այս ծառայության ղեկավարի այցելությունների մասին տեղեկություններ չհրապարակելու ավանդույթը

ԱՄՆ-ի Սպիտակ տունը հաստատել է, որ ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանն անցյալ շաբաթավերջին այցելել էր Կիև:

Միացյալ Նահանգների վարչակազմն այսպիսով խախտել է հետախուզական այս ծառայության ղեկավարի այցելությունների մասին տեղեկություններ չհրապարակելու ավանդույթը:

«Հետախուզական ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունները համագործակցության ամրապնդման ընդունված միջոց են, այդ թվում՝ ամերիկյան և ռուսաստանյան հետախուզական ծառայությունների միջև համագործակցության, որը մեկնարկել էր «Սառը պատերազմ»-ի ավարտից հետո», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին:

Քարնիի խոսքով, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներն արդեն բազում տարիներ են անցկացնում նման հանդիպումներ, և «Կիևում ԱՄՆ-ի պաշտոնյաների հետ հանդիպման հետևում այլ բան թաքնված լինելու մասին կարծիքներն անհեթեթություն են»:

Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչը, հաղորդագրությունների համաձայն, պնդում է, թե Ուկրաինայի նոր կառավարության կողմից ուժ գործադրելու մասին կայացված որոշման հետևում կանգնած է ԿՀՎ-ի տնօրենը: Չնայած ԱՄՆ-ի պաշտոնյաները հերքում են այս մեղադրանքները, Ջոն Բրեննանի այցը կարող է լրացուցիչ պատրվակ դառնալ՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի արևելյան տարածքներ ներխուժում կատարելու համար:

«Մենք ակտիվորեն գնահատում ենք Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, Ռուսաստանի կողմից այնտեղ ձեռնարկվող գործողությունները և կատարվող խախտումները, աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ գնահատելու համար, թե ինչպիսի պատասխան միջոցներ հնարավոր է ձեռնարկել», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Քարնին:

Սպիտակ տունը Ուկրաինայում տեղի ունեցող խռովությունների համար պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա՝ նշելով, որ առկա է հստակ նմանություն Ուկրաինայի արևելքում ստեղծված վիճակի և անցյալ ամսվա ընթացքում Ռուսատանի կողմից բռնակցված Ղրիմում իրականացված գործողությունների միջև:

«Առկա են համոզիչ ապացույցներ այն մասին, որ Ռուսաստանը սատարում է խռովությունները: Դուք տեսել եք, որ Ուկրաինայի արևելյան մի շարք քաղաքներում միաժամանակ տեղի են ունեցել համակարգված իրադարձություններ, որոնք կողքից դիտողին բնական չեն թվում», - շեշտել է ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակը:
XS
SM
MD
LG