Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ռազմանավերը Սև ծով են ժամանել


Սև ծովում ռազմանավերը կգտնվեն Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք օլիմպիական խաղերի ողջ ընթացքում

Միացյալ Նահանգների ռազմական նավատորմը հաստատել է իր երկու ռազմանավերի Սև ծով մուտք գործելու մասին հաղորդագրությունները: Սև ծովում ռազմանավերը կգտնվեն Ռուսաստանի Սոչի քաղաքում կայանալիք օլիմպիական խաղերի ողջ ընթացքում:

Միացյալ Նահանգներն առաջարկել էր Ռուսաստանի իշխանություններին օժանդակություն տրամադրել ձմեռային օլիմպիադայի ընթացքում անվտանգության ապահովման հարցում, սակայն Ռուսաստանի իշխանությունները չէին ընդունել այս առաջարկը:

«ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի հրամանատարական «Մաունթ Ուիթնի» նավը, որի վրա գտնվում է 300 նավաստի, ինչպես նաև ԱՄՆ-ի ռազմական նավատորմի բեռնափոխադրումների ծառայության քաղաքացիական անձ համարվող նավաստիներ, Սև ծով է ժամանել փետրվարի 4-ին՝ իրականացնելու համար ծովային անվտանգության ապահովման նախօրոք ծրագրված գործողությունները»:

Այս մասին ասված է ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի հաղորդագրության մեջ, որի համաձայն փետրվարի 5-ին Սև ծով է ժամանում «Թեյլոր» ռազմանավը, որի վրա գտնվում է մոտ 200 նավաստի:

«Երկու ռազմանավերը Սև ծովում կիրականացնեն տարածաշրջանային գործընկեր պետությունների և դաշնակիցների հետ համագործակցության, ծովային անվտանգության ապահովման և գործողության շրջանում անվտանգության ոլորտում համագործակցությանն ուղղված աշխատանքներ», - ասված է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ավելի վաղ մի քանի տասնյակ գործակալ և այլ մասնագետ էր գործուղել Ռուսաստան՝ Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչական հնարավոր հարձակումների կանխարգելման գործում օժանդակություն ցուցաբերելու նպատակով:
XS
SM
MD
LG